ՀՍՀ/ԱՌԼԵՆ
ԱՌԼԵՆ (Arlen) Մայքլ (իսկական ազգանունը և անունը՝ Գույումճյան Տիգրան, 1895–1956), հայազգի անգլիական գրող։ Ծնվել է նոյեմբ. 16-ին, Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում (այժմ՝ Ռուսե)։ 1900-ից ապրել է Անգլիայում։ Թղթակցել է «Դեյլի էքսպրես» թերթին։ Գրել է «Լոնդոնյան արկածախնդրության» (1920), «Ռոմանտիկ կինը» (1921), «Ծովահենություն» (1923), «Այս հմայիչ ժողովուրդը» (1924) գործերը։ Համաշխարհային ճանաչում է գտել «Կանաչ գլխարկը» (1924) և «Մեյ Ֆեըր» (1925) վիպակներով։ 1937-ին տպագրվել են «Հափշտակված թագը», «Թռչող հոլանդացին» ստեղծագործությունները։ Վերջին տարիներին լույս է տեսել «Մի գաղտնի պատմություն» (1954) վիպակը։ Ա–ի բազմաթիվ վեպեր ու վիպակներ վերածվել են պիեսների ու կինոնկարների, բեմադրվել և ցուցադրվել Եվրոպայի ու Ամերիկայի շատ երկրներում։ Մահացել է հունիսի 21-ին, Նյու Յորքում։
