ՀՍՀ/ԱՌՈԳԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ
ԱՌՈԳԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ, գեղարվեստական խոսքի եղանակավոր ու իմաստա– վորված արտասանություն (ոգումն, առովասություն, առասացություն, առերգություն և ասերգություն)։ Ինչպես մյուս ժողովուրդների, այնպես էլ հայերի Ա. ա. ծնունդով կապված է ժողովրդական բանահյուսությանը։ Ա. ա. զարգացման մի նոր աստիճանի է հասել հեթանոսական Հայաստանում՝ գուսան–վիպասանների թվելյաց երգերում, հելլենիստական թատրոններում կատարված եղանակավոր արտասանություններում և քրմերի ու քրմուհիների պաշտամունքային ասերգերում։ V դ. սկզբից, գրերի գյուտից հետո, հայկական իրականության մեջ ծաղկում է ազգային եկեղեցական թվերգը, որտեղ յուրովի դրսևորվեց Ա. ա.։ Միջին դարերում մշակվել է նաև եկեղեցական առոգանության գրավոր նշանների մի համակարգ (տես Խազեր), որը հիմնականում կիրառվել է մարգարեական գրքերում ու ավետարաններում։ Այդ նշաններից գլխավորները, որոնք ունեն քերականական–երաժշտական կրկնակի նշանակություն, հետևյալներն են. «միջակետ» (.), «ստորակետ»(,), «բութ» (՝) ու «վերջակետ» (:)՝ որպես նաև երաժշտական տրոհության նշաններ, «շեշտ» (՛) ու «պարույկ» կամ «հարցուկ» (՞)՝ որպես շեշտադրության նշաններ, և «սուղ» (°) ու «երկար» (՜)՝ որպես հատուկ տևողության նշաններ։ Գրկ. Աթայան Ռ., Հայկական խազային նոտագրությունը, Ե., 1959։ Komitas, Die Armenische Kirchenmusik, «Sammelbände der Internationalen Musik-gesellschaf», Heft I, 1899.
