ՀՍՀ/ԱՌՈԳԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈԳԱՆՈՒԹՅՈՒՆ, հնչյունի, բառի, նախադասության ընդհանրացված արտասանություն։ Յուրաքանչյուր լեզու ունի իր Ա., որը հնարավորություն է տալիս ճիշտ հասկանալու բանավոր խոսքը։ Ա–յան հարցերով սկսել են զբաղվել վաղ ժամանակներից (Դիոնիսիոս Թրակացի, «Քերականական արվեստ», մ. թ. ա. II–I դդ.)։ Արտահայտության հիմնական միջոցներ են հնչերանգն ու շեշտը։ Հնչերանգը դրսևորվում է ամենատարբեր ձևերով, որոնցից կարևոր են պատմողականը (առանց որևէ նշանի), հարցականը (՞), հրամայականը (՛) և բացականչականը (՜)։ Որոշ լեզուներում (աֆրիկյան լեզուների մի մասում, չինարենում ևն) առատ է երաժշտական տարրը, որն արտահայտվում է արտասանության ժամանակ ձայնի ելևէջումներով և շեշտի տևականությամբ։
Ա–յան մեջ մեծ է շեշտի նշանակությունը, այն տարբեր լեզուներում տարբեր ձևերով է դրսևորվում։ Գոյություն ունեն բառական ե տրամաբանական շեշտեր։ Բառական շեշտն արտահայտում է շեշտվող վանկի ուժգնությունը, որը հայերենում կայուն–շարժական է, այսինքն՝ միշտ (բացառությամբ գրե՛թե, մա՛նավանդ և նման բառերի) դրվում է բառի վերջին վանկի վրա (տո՛ւն–տնե՛ր–տների՛), ռուսերենում՝ շարժական (вօдá-вóды, рукá-рýки), գերմաներենում՝ կայուն–անշարժ (Ménsch–«մարդ», ménschlich–«մարդկային», Ménschlichkeit–«մարդկայնություն»)։ Ի տարբերություն գերմանական և ռոմանական լեզուների շեշտի ուժգնության, ֆրանսերենում այն թույլ է արտահայտվում (հմմտ. ֆրանս. sabre «սուսեր», գերմ. säbel)։ Տրամաբանական շեշտը կարևոր դեր ունի ճիշտ ընկալման համար, օրինակ՝ ես տուն գնացի, ես տուն գնացի ևն, ուր նույն շարադասությամբ, բայց տարբեր առոգանությամբ արտահայտվել են երկու տարբեր երանգավորումով մտքեր։ Ա. թեև շատ դանդաղ, բայց ժամանակի ընթացքում փոփոխվում է։ Այդպիսի փոփոխություններ կան նաև հայերենի բարբառներում։ Դրանք դրսևորվում են և՛ հնչյունական համակարգում (օրինակ՝ է–ի քմայնացումը Վանի, Խոյի, Հաճընի բարբառներում, ա–ի շրթնայնացումը Բայազետի խոսվածքում), և՛ շեշտի վերջընթեր լինելու ու մեծ տևականության, և՛ նախադասությունների երանգների յուրահատուկ դրսևորումների մեջ։ Ա. կարող է ըմբռնվել առավել ընդհանուր իմաստով (ակցենտ), երբ որևէ լեզվով կամ բարբառով խոսող անձնավորություն իր մայրենի լեզվի կամ բարբառի ընդունված Ա–յան համապատասխան խոսում է մի այլ լեզվով կամ բարբառով (օրինակ՝ ֆրանսիացին՝ ռուսերեն, համշենցին՝ Լոռու խոսվածքով են)։
Գրկ. Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների, Ե., հ. 3, 1957, հ. 6, 1971։ Աղայան Է., Լեզվաբանության ներածություն, Ե., 1967։ Մուրադյան Ա., Հունաբան դպրոցը և նրա դերը հայերենի քերականական տերմինաբանության ստեղծման գործում, Ե., 1971։
