ՀՍՀ/ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ԱՀԿ), Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հիմնարկություն, որի նպատակն է «աշխարհի բոլոր ժողովուրդների առողջության ամենաբարձր մակարդակի նվաճումը» (ԱՀԿ–ի կանոնադրության I հոդված)։ Հիմնադրվել է 1948-ի ապրիլի 7-ին (նշվում է որպես Առողջապահության համաշխարհային օր)։ 1971-ի տվյալներով ԱՀԿ–ի անդամ են 128 երկիր–անդամներ և 3 երկիր–աշխատակիցներ։ ԱՀԿ–ի խնդիրներն են. պայքարը հիվանդությունների դեմ, դրանց վերացումը (մալարիայի և բնական ծաղկի վերացման կամպանիաները), կարանտինային և հակահամաճարակային հսկողությունը, դեղորայքի միջազգային ստանդարտների մշակումը, թույլ զարգացած երկրներում առողջապահական ծառայությունների կազմակերպումն ու ազգային կադրերի պատրաստումը։ ԱՀԿ անց է կացնում կոնֆերանսներ, խորհրդակցություններ, գիտաժողովներ, կազմակերպում տեղեկատու կենտրոններ։ Բյուջեի հիմն, աղբյուրները անդամ–երկրների անդամավճարներն են և կամավոր ներդրումները։ ԱՀԿ–ի կազմի մեջ են մտնում տեղական 6 կազմակերպություններ, որոնց գործադիր օրգանները տեղական բյուրոներն են. Եվրոպական (բյուրոն Կոպենհագենում), Աֆրիկական (բյուրոն Բրազավիլում), Արևելյան Միջերկրածովյան (բյուրոն Ալեքսանդրիայում), Հարավ–Արևելյան Ասիայի (բյուրոն Նոր Դելիում), Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասի (բյուրոն Մանիլայում) և Ամերիկայի (բյուրոն Վաշինգտոնում)։ Բարձրագույն օրգանը Առողջապահության համաշխարհային ասամբլեան է։ Նրա որոշումները կենսագործում է գործադիր կոմիտեն, որը կազմված է 24 անդամներից։ ԱՀԿ–ի կենտրոնական վարչական օրգանի՝ քարտուղարության և նրա գլխավոր դիրեկտորի նստավայրը Ժնևն է։
