Jump to content

ՀՍՀ/ԱՌՎՈՒՅՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՌՎՈՒՅՏ (Medicago), թիթեռնածաղկավորների ընտանիքի բույսերի ցեղ՝ բազմամյա կամ միամյա։ Հայտնի է մոտ 100 տեսակ՝ Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում։ ՍՍՀՄ–ում հաշվվում է մոտ 60 տեսակ։ Ա–ի ցողունները ճյուղավոր են՝ 90–150 սմ բարձրությամբ, տերևները՝ եռամսյա, ծաղկաբույլը՝ ողկույզ։ Պտուղն ունդ է, զսպանակաձև կամ մանգաղաձև, սերմերը՝ գորշագույն, մանր, երիկամաձև։ Խաչաձև փոշոտվող է։ Արմատային համակարգը հողի մեջ խորանում է մինչև 5 մ։ Ա. սպիտակուցներով և վիտամիններով հարուստ, հարելուց հետո արագ աճող կերաբույս է։ Ցանքերն օգտագործվում են 5–6 տարի։ Ցանքաշրջանառության մեջ թողնվում է 2–3 տարի: Ա. հողը հարստացնում է ազոտով, լավացնում ֆիզիկական հատկությունները, որոշ չափով կանխում աղակալումը, բարձրացնում բերրիությունը։ Ա–ի խոտի բերքը Արարատյան դաշտում (ջրովի պայմաններում) հասնում է 150–200 ց/հա։ Սերմի բերքը՝ 3–4 ց/հա։ Ցանում են ծածկոցի տակ 20 կգ/հա նորմայով, 1–2 սմ խորությամբ, վաղ գարնանը։ Տարածված են հիմնականում 2 տեսակ՝ սովորական կամ կապույտ (M. sativa), դեղին (M. falcata) և դրանց հիբրիդները։ Սովորական կամ կապույտ Ա. ունի բազմաթիվ ձևեր, որոնցից է նաև անդրկովկասյան կամ հայկական մշակովի Ա.։ ՍՍՀՄ–ում Ա–ի մշակությունը հիմնականում կենտրոնացված է Միջին Ասիայի, Անդրկովկասի, Ուկր. ՍՍՀ–ի, Հյուսիսային Կովկասի ոռոգվող հողատարածություններում։ ՀՍՍՀ– ում մշակվում է Ապարանի առվույտը գլխավորապես Արարատյան դաշտի, նախալեռնային և նվազ չափով՝ լեռնային շրջանների ջրովի պայմաններում։ Արարատյան դաշտում հնձվում է 4–5, նախալեռնային շրջաններում՝ 3–4, լեռնայինում՝ 2 անգամ։ Ս. Կարագյոզյան