Jump to content

ՀՍՀ/ԱՌՏԻԱԼԻ ԲԱՐԲԱՌ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՌՏԻԱԼԻ ԲԱՐԲԱՌ (այլ անվամբ՝ Սուչավայի բարբառ), Միջին Եվրոպայի՝ Լեհաստանի, Հունգարիայի և Ռումինիայի հայերի բարբառը, այժմ՝ մեռած։ Բարբառի անվանումը ծագել է Առտիալ անունից, որը Տրանսիլվանիա տեղանվան ռում. Արդեալ (հունգ. Էրդեյ) հոմանիշի արևմտահայերեն տառադարձումն է։ Պատկանում է կը ճյուղին։ Ունի 8 ձայնավոր՝ ա, է, ը, ի, օ, ու, ö, ṅւ, 6 երկբարբառ՝ աւ (ա^ու), էւ (է^ու), իւ (ի^ու), օւ (օ^ու), ե (ի^ե), իը։ Պայթական բաղաձայնները եռաստիճան խլազուրկ են (բհ, բ, –, փ), խուլերը արտասանվում են ձայնեղ (կարդալ > գհարդհալ, սիրտ > սիըրդ, ծառ > ձառ ևն)։ Ա. բ–ում հոգնակին կազմվում է եր, ներ, ան, դաք, դիք, օրանք, նի, ք մասնիկներով, բացառականը՝ է, մէ, գործիականը՝ երկբարբառային օւ վերջավորությամբ, հայցականը, ինչպես նաև անձնական դերանունների սեռակննի ու բացառականի ձևերն ստանում են զ նախդիրը (հմմտ. զհարս, զիմ, զիս, զիմմէ, զքու, զքէզ || սքէզ, զքումէ)։ Դասական թվականները կազմվում են ում–ով (էրգուսում = երկրորդ), սահմանական ներկան ու անկատարը՝ գի–ով (գի սիրիմ, գի սիրիս, գի սիրէի)։ Խոնարհումներն են՝ ել (իլ), ալ, ուլ։ Անկատարի եզակի 2-րդ դեմքը ներկայի նմանողությամբ ստանում է ս (հմմտ. գի սիրիմ - գի սիրէիս), կատարյալի փոխարեն գործածվում են վաղակատարի ձևերը (սիրիլ իմ = սիրեցի, սիրիլ իս = սիրեցիր), հարկադրականը կազմվում է բիդօր, որոշ հատվածներում՝ բի, բ (ձայնավորի մոտ) եղանակիչ մասնիկներով։ Դերբայները չորսն են, որոնցից հարակատարը ունենում է աձ, աձաձ, մի քանի բայերի կրավորականի համար՝ ման, ապառնին՝ լիք (աբրելիք) վերջավորությունը։

Գրկ. Աճառյան Հ., Քննություն Առտիալի բարբառի, Ե., 1953։ Ա. Ղարիբյան