Jump to content

ՀՍՀ/ԱՍԱՏՈՒՐՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՍԱՏՈՒՐՅԱՆ Հակոբ Հովհաննեսի (ծն. 1903), սփյուռքահայ գրող, երաժշտագետ, երգիչ։ Ծնվել է մարտի 3-ին, Կապադովկիայի Չոմախլու գյուղում, սովորել տեղի Խրիմյան վարժարանում։ Փրկվել է Մեծ եղեռնից, ապաստանել ՀԲԸՄ որբանոցում։ 1920-ին մեկնել է Ամերիկա։ Աշխատել և հետևել է Կոլումբիայի համալսարանի գիշերային դասընթացներին (1928)։ Ա–ի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1923-ին, «Հայաստանի կոչնակ» շաբաթաթերթում՝ Յ. Յ. Ա. ստորագրությամբ։ Ա. տպագրվել է Մաժակցի գրական անունով։ 1936-ից հանդես է եկել «Նոր գիր» գրական հանդեսում, տպագրել արձակ և չափածո ստեղծագործություններ, գրական–քննադատական տեսություններ, երաժշտության վերաբերյալ ակնարկներ։ Ա–ի «Անդաստան» (1946) բանաստեղծությունների գիրքը արտացոլում է հայրենի հողից կտրված մարդու կարոտն ու տվայտանքը։ «Հովակիմի թոռները» (1965) կենսագրական վեպը արժանացել է Թեքեյան մշակութային միության 1-ին մրցանակին՝ Մեծ եղեռնի 50-ամյակի առթիվ հայտարարված գրական մրցույթում։ 1965-ին Ա. այցելել է հայրենիք, գրել տպավորություններ («Քարի և հողի պատմություն», 1969)։ Ծավալել է նաև երաժշտական եռանդուն գործունեություն, գրել «Կոմիտաս վարդապետ և հայ երգը» (1962) աշխատությունը։ Կոմիտասյան երգերի սիրված կատարող է։ Ս. Կուրտիկյան