ՀՍՀ/ԱՍԱՏՈՒՐ ՀՐԱՆԴ
ԱՍԱՏՈՒՐ ՀՐԱՆԴ (իսկական ազգանունը՝ Ասատուրյան, 1862–1928), հայ գրական–հասարակական գործիչ, հրապարակախոս–քննադատ։ Ծնվել է օգոստոսի 10 (22)–ին, Կ. Պոլսում։ Սովորել է տեղի Մեզպուրյան վարժարանում, Ռոբերտ քոլեջում։ 1884-ին ավարտել է Փարիզի իրավաբանական վարժարանը։ Կ. Պոլսում աշխատել է որպես իրավաբան։ Գրչակիցների հետ 1876-ի վերջերին հիմնադրել է «Հայ գրական ընկերաթյուն»–ը, 1879-ին՝ «Կիլիկյան ընկերություն»–ը։ 1892–98-ին եղել է «Մասիս» շաբաթաթերթի խմբագիր։ Գեղարվեստական ստեղծագործությունների միակ ժողովածուն «Պատանեկան ներշնչումներ»–ն է (1879)։ Ա. Հ. հիմնականում զբաղվել է գրական քննադատությամբ։ «Դիմաստվերներ» (1921) գրքում ներկայացրել է Ս. Տյուսաբի, Գ. Օտյանի, Հ. Պարոնյանի, Մ. Մամուրյանի, Գ. Չիլինկիրյանի, հայ այլ գործիչների կյանքի ու գործունեության քննադատական ուրվագիծը։ Իր կնոջ՝ բանաստեղծուհի Սիպիլի (Ջ. Ասատուր) աշխատակցությամբ կազմել է հայոց լեզվի և գրականության դասագրքեր («Նոր թանգարան հայերեն լեզվի», 1929 ևն)։ Մահացել է հունիսի 5-ին, Կ. Պոլսում։
Գրկ. Ազատյան Թ., ժամանակակից դեմքեր, 1. Զապել և Հրանտ Ասատուր, Սթանպոլ, 1937։
