Jump to content

ՀՍՀ/ԱՍԱՔԻ ԳԵՈՐԳԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՍԱՔԻ ԳԵՈՐԳԵ (1788–1869), հայացգի ռումինական և մոլդավական գրող, լու– սավորիչ, մանկավարժ, հրապարակախոս, նկարիչ, թարգմանիչ։ Ծնվել է մարտի 1-ին, Հերցայում (Բուկովինա), գրող, թարգմանիչ, հոգևորական, հայազգի Լազար Ասաքիևիչի ընտանիքում։ Արտասահմանյան գիտական ընկերությունների անդամ։ 1796–1804-ին սովորել է Լվովում, այնուհետև Վիեննայում և Իտալիայում ստացել ճարտարապետի դիպլոմ և փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1808–1812-ին Հռոմում ուսումնասիրել է աստղաբաշխություն, մաթեմատիկա, կերպարվեստ, գրականություն։ Ռում. և մոլդ․ գրականության պատմության մեջ նշանակալից դեր են խաղացել նրա «Բանաստեղծություններ» (1836), «Ընտիր առակներ» (1836) ժողովածուները, «Իշխանուհի Ռաքսանա» (1841), «Ճերմակ հովիտը» (1855) պատմական նովելները ևն։ Փոխադրել է Եզոպոսի, Լաֆոնտենի և Կռիլովի առակները։ Մոլդովայում բացել է ազգային առաջին դպրոցը, հիմնել առաջին ինժեներական ուսումնարանը (1813), դասավանդել մաթեմատիկա, գեոդեզիա, ճարտարապետություն։ 1816-ից կազմակերպել է ռումիներեն աոաջին թատերական ներկայացումները, բացել երաժշտա–դրամատիկական կոնսերվատորիա (1836)։ 1835-ին Յասսիում հիմնադրել է Միհըյլեան ակադեմիան՝ փիլիսոփայության, իրավունքի և աստվածաբանության բաժիններով ու արվեստի ճյուղով։ Ա. հեղինակ է մի շարք պիեսների։ Զբաղվել է նկարչությամբ։ Յասսիում հիմնել է «Ալբինա» տպարանը, հրատարակել, խմբագրել «Ալբինա Ռոմընեասկը» (1829–49), «Գազետա դե Մոլդովա» (1850–59) և այլ լրագրեր, գիտական պարբերականներ։ Կազմել է «Ֆրանս–ռումինակսւն հանրագիտարանը» (1839)։ Մեծապես օժանդակել է Մոլդովայի հայկ. գաղթօջախներին, իր հրատարակած պարբերականներում լուսաբանել հայկ. դպրոցների կյանքը, տպագրել Հայաստանից ստացված լուրեր և նմուշներ հայ գրականությունից: Ռումինիայում հիմնադրել է հայ տպագրությունը, իր տպարանում բացել է «Արամյան» բաժին, ուր տպագրել է հայերեն դասագրքեր և այլ գործեր (1847–53)։ 1853-ին լույս է ընծայել «Վավերաթղթերի հավաքածու» գիրքը (ռումիներեն), որը արժեքավոր նյութեր է պարունակում Մոլդովայի հայերի մասին։ Նրա պատվին Պիատրա Նեամցում հրատարակվել է «Ասաքի» (1881–85) գիտա–գրական հանդեսը։ Մահացել է նոյեմբ. 12-ին, Յասսիում, ուր և 1890-ին կանգնեցվել է նրա հուշարձանը։ Մ. Քոլանջյան

(նկ․) Գ. Ասաքի։

(նկ․) Բ. Վ. Ասաֆև։