Jump to content

ՀՍՀ/ԱՍԲԵՍՏԱՑԵՄԵՆՏԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՍԲԵՍՏԱՑԵՄԵՆՏԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, շինանյութերի արդյունաբերության ենթաճյուղ, որը զբաղվում է ծածկի, պատի և երեսապատման համար զանազան թերթասալիկների, խողովակների, է|եկտրամեկուսիչ տախտակների, շինարարական կոնստրուկցիաների և ասբեստի ու ցեմենտի խառնուրդից պատրաստված այլ իրերի արտադրությամբ։ Սովետական հանրապետություններից ասբեստացեմենտային իրերի խոշոր արտադրողներ են ՌՍՖՍՀ, ՈՒՍՍՀ և Ղազախական ՍՍՀ։

1971-ին ՍՍՀՄ–ում արտադրվել է պայմանական 6200 մլն. հատ թերթասալիկ, ասբեստացեմենտային խողովակներ՝ 45001 մլն. պայմանական կմ (1969)։ Հայաստանում Ա. ա. հիմնադրվել է ետպատերազմյան տարիներին՝ 1952-ին, Արարատի ցեմենտի գործարանում, որ հետագայում վերածվեց ցեմենտի–շիֆերի կոմբինատի։ Կոմբինատը 1955-ին արտադրել է 58 մլն., 1960-ին՝ 73,8 մլն., 1971-ին՝ 75,6 մլն. հատ պայմանական շիֆեր։ Կոմբինատում 1961-ից իրագործվում է ասբեստացեմենտային խողովակների արտադրությունը, որի արտադրանքի ծավալը 1971-ին կազմել է 601 մլն. պայմանական կմ։ Նախատեսված է 1975-ին կոմբինատում արտադրության ծավալը հասցնել 96 մլն. հատ պայմանական թերթասալիկի։ Կարտադրվեն մեծ տրամագծի 700 մլն. ասբեստացեմենտային խողովակներ և կոնստրուկտիվ սալաքարեր։