ՀՍՀ/ԱՍԻՄԻԼՅԱՑԻԱ
ԱՍԻՄԻԼՅԱՑԻԱ (<լատ. assimilia – յուրացում, նույնացում), 1. անաբոլիզմ, բուսական և կենդանական օրգանիզմների արտաքին միջավայրից ընդունած պարզ տարրերի յուրացումը և փոխակերպումը ավելի բարդ նյութերի։ Սննդի հետ ընդունված բուսական կամ կենդանական սպիտակուցը տրոհվում է մինչև ամինաթթուների, վերջիններից սինթեզվում է տվյալ տեսակի համար խիստ բնորոշ սպիտակուց, որն իր ֆիզիկա–քիմիական ու կենսաբանական հատկություններով միանգամայն տարբեր է սննդանյութի սպիտակուցից։ Ա. ապահովում է օրգանիզմների աճը, զարգացումը, վերափոխումը, էներգիայի աղբյուր ծառայող պաշարների կուտակումը։ Կենդանի օրգանիզմը կարող է գոյություն ունենալ միայն դրսից անընդհատ առհոսող էներգիայի շնորհիվ։ Ամբողջ կենդանի բնության համար առաջնային էներգիայի աղբյուր են արևի ճառագայթները։ Էներգիայի օգտագործման տեսանկյունից օրգանիզմները լինում են՝ ինքնասուն (ավտոտրոֆ) և տարասուն (հետերոտրոֆ)։ Ինքնասուն են կանաչ բույսերը, որոնք ֆոտոսինթեզի ընթացքում օգտագործելով արևի էներգիան՝ անօրգանական նյութերից օրգանական միացություններ (ածխաջրեր, ամինաթթուներ, սպիտակուցներ ևն) են սինթեզում։ Հաշվումները ցույց են տվել, որ երկրի կանաչ բույսերը տարեկան Ա–ի են ենթարկում շուրջ 420 մլրդ. տոննա օրգանական նյութեր։ Որոշ բակտերիաներ –ը յուրացնում են արևի ճառագայթների ազդեցությամբ՝ –ից և այլ վերականգնված միացություններից անջատված ջրածնով։ Այդպիսի Ա. անվանում են ֆոտոռեդուկցիա (ֆոտովերականգնում)։ Մնացած կենդանի օրգանիզմները (բացառությամբ որոշ միկրոօրգանիզմների) յուրացնում են պատրաստի օրգանական նյութեր։ Կենդանի օրգանիզմների բաղադրիչ մասերը անընդհատ նորոգվում են քայքայման՝ դիսիմիւյացիայի և նոր նյութերի առաջացման՝ Ա–ի շնորհիվ։ Օրինակ, հասուն մարդու մարմնի սպիտակուցները լրիվ նորոգվում են 2,5 տարում։ Զանազան օրգանիզմներում, նույնիսկ միևնույն անհատի օրգանիզմում, Ա–ի և հակառակ պրոցեսի՝ դիսիմիլյացիայի փոխհարաբերությունը խիստ տարբեր է։ Ա. ամենաինտենսիվն է կենդանիների աճման շրջանում՝ երիտասարդ հասակում, իսկ բույսերի մոտ՝ վեգետացիայի շրջանում։ 2. Լեզվաբանության մեջ, արտասանության ժամանակ տեղի ունեցող հնչյունափոխական երևույթ։ Տես Առնմանում։
