ՀՍՀ/ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՍԵՐԳԵՅ
ԱՍԼԱՄԱԶՅԱՆ Սերգեյ (Սարգիս) Զաքարի (ծն. 1897), հայ սովետ, թավջութակահար։ Կոմիտասի անվան կվարտետի հիմնադիրներից և մասնակիցներից (1925–68), մանկավարժ, ՀՍՍՀ ժող. արտիստ (1945)։ Ծնվել է փետր. 2 (14)-ին, Մոզդոկում, երաժշտի ընտանիքում։ Հորից սովորել է ջութակ նվագել։ 1912–15-ին սովորել է Եկատերինոդարի (այժմ՝ Կրասնոդար) երաժշտական ուսումնարանում, դասեր է առել հայտնի թավջութակահար Հ. Մերկից, 1915-27-ին կրթությունը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ աշակերտելով պրոֆ. Ս. Մ. Կոզոլուպովին։ 1937-ից դասավանդում է նույն կոնսերվատորիայում, 1947-ից թավջութակի և կվարտետի դասարանի պրոֆեսոր է։ Ա. զբաղվում է նաև ստեղծագործական աշխատանքով։ Նշանակալից են լարային կվարտետի, լարային նվագախմբի և թավջութակների անսամբլի համար հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունների մշակումները, որոնց հատուկ են ներդաշնակության նրբություն, ձևի ամփոփ ավարտվածություն, գործիքավորման գունեղություն, անսամբլային նվագի հնարների հմուտ օգտագործում։ Դրանցից են՝ Հենդելի «Պասակալիայի», Պագանինիի «24-րդ կապրիսի» և հատկապես Կոմիտասի մի շարք երգերի մշակումները («Շողեր ջան», «Հաբրբան», «Չինար ես», «Գարուն ա», «Քելեր–ցոլեր», «Երկինքն ամպել ա» ևն), որոնք հայկական կվարտետային գրականության լավագույն էջերից են և կարևոր դեր են կատարել նրա զարգացման գործում։ Ա. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1939), արժանացել է ՍՍՀՄ պետական (1946) և ՀՍՍՀ պետական (1965) մրցանակների։
Գրկ. Թադևոսյան Ա., Մեծ Կոմիտասի անունով, Ե., 1959։


