ՀՍՀ/ԱՍԼԱՆ
ԱՍԼԱՆ (Aslan) Ռաուլ (Ասլանյան Տիգրան) (1886–1958), ավստրիական թատրոնի հայազգի դերասան և ռեժիսոր։ Վիեննայի Երաժշտության և թատրոնի ակադեմիայի պատվավոր անդամ (1954)։ Ծնվել է հոկտեմբերի 16-ին, Սալոնիկում (հայրը հայ էր, մայրը՝ իտալուհի)։ Նախնական կրթությունն ստացել է հայերեն, ապա սովորել Վիեննայի համալսարանում և դերասանական վարպետության դասեր առել Ա. Զոնենթալից։ Դերասանական գործունեությունն սկսել է 1906-ին, Համբուրգի Գերմանական դրամատիկական թատրոնում։ Խաղացել է նաև Բեռլինի, Գրացի, Շտուտգարտի և այլ թատրոններում։ 1920-ից աշխատել է Վիեննայի «Բուրգթեատրում» (1945–48-ին՝ դիրեկտոր)։ Ստեղծել է խորամիտ, ողբերգական կերպարներ՝ Համլետ, Անտոնիոս, Կորիոլան, Օթելլո (Շեքսպիրի «Համլետ», «Հուլիոս Կեսար», «Կորիոլան», «Օթելլո»), Ֆիլիպ II, Ֆրանց Մոոր, Օկտավիո (Շիլլերի «Դոն Կարլոս», «Ավազակներ», «Պիկկոլոմինի»), Նաթան (Լեսսինգի «Նաթան Իմաստուն»), Էդիպ (Սոֆոկլեսի «Էդիպը Կոլոնոսում»)։ Խաղացել է նաև կատակերգություններում։ 1926-ից եղել է նաև ռեժիսոր, բեմադրել անտիկ դրամատուրգների թատերգություններ, Լեսսինգի, Գյոթեի («Իֆիգենիան Տավրիսում», 1940, 1948, «Սթելլա», 1947), Իբսենի, Շեքսպիրի պիեսները։
Գրկ. «Նավասարդ», 1923, հ. 1, պր. 3, էջ 90։ Aslan D., Nichts Menshliches ist mir fremd, Lebensbericht über R. A., Wien, 1953; Beschbeck E., Raoul Aslan und das Burgteater, Wien, 1946.
