Jump to content

ՀՍՀ/ԱՍԼԱՆՅԱՆ ԱՇՈՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՍԼԱՆՅԱՆ Աշոտ Տիգրանի (ծն. 1919), հայ սովետական երկրաբան։ ՀՍՍՀ ԳԱ թղթ–անդամ (1965), պրոֆեսոր (1960), գիտության վաստ. գործիչ (1961)։ Ծնվել է փետրվարի 7-ին, Քարվանսարայում (այժմ՝ Իջևան քաղաք)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Աշխատել է ՀՍՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստ–ում (1944–1955), ապա ՀՍՍՀ Մինիստրների սովետի երկրաբանական վարչությունում որպես գլխ. ինժեներ (1954–61) և պետ (1961–65)։ 1965–66-ին եղել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստ–ի ռեկտոր, 1966-ից ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրն է։ Ա. դասախոսում է Երևանի Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր պետական համալսարանում և Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստ–ում (1950-ից)։ Նա հեղինակ է տեսական և գործնական նշանակություն ունեցող աշխատությունների, որոնք հիմնված են առավելապես ճշգրիտ գիտությունների հետազոտման աքսիոմատիկ մեթոդի վրա։ Աշխատություններում լուսաբանված են ՀՍՍՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոների տեղաբաշխման օրինաչափությունները, ինչպես նաև երկրաբանության և երկրաֆիզիկայի ընդհանուր տեսական հարցերը։ 1968-ից Հայկական երկրաբանական ընկերության նախագահն է, 1970-ից՝ Մոլորակաբանության միջազգային ասոցիացիայի անդամ։ Ընտրվել է ՀՍՍՀ VII և VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է «Կարմիր դրոշի» երկու, «Հայրենական պատերազմի» երկրորդ աստիճանի շքանշաններով և մեդալներով։

Երկ. Стратиграфия юрских отложений Северной Армении, Е., 1949; Исследование по теории тектонической деформации Земли, Е., 1955; Региональная геология Армении, Е., 1958; Основы количественной теории иагнитного поля Земли, 1962; Квантовое представление внутреннего строения Земли, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, Երկրբ. գիտ.», հ. 16, 1963, № 6։