ՀՍՀ/ԱՍԼԱՆՅԱՆ ՀԱՅԿԱԶ
ԱՍԼԱՆՅԱՆ Հայկազ (Հայկ) Գաբրիելի (ծն. 1903), հայ սովետական փիլիսոփա։ Փիլ. գիտ. դ–ր (1966), պրոֆեսոր (1967), գիտության վաստ. գործիչ (1963)։ Ծնվել է ապրիլի 22 (մայիսի 5)–ին, նախկին Երևանի նահանգի Սուրմալուի գավառի Կողբ գյուղում։ ՍՄԿԿ անդամ 1931-ից։ 1926-ին ավարտել է 26 կոմիսարների անվան անդրկովկասյան կոմունիստական համալսարանը (Թիֆլիս)։ Ա. 1928–53-ին դիալեկտիկական և պատմական մատերիալիզմ է դասավանդել Երևանի և Թբիլիսիի բուհերում, աշխատել որպես ամբիոնի վարիչ (Երևանում)։ 1948–53-ին գլխավորել է բաժանմունք ՍՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի հայկական մասնաճյուղում։ 1956–69-ին եղել է ՀՍՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորի վարիչ, 1969-ից փիլիսոփայության և իրավունքի ինստ–ի պատմական մատերիալիզմի բաժնի վարիչն է։ Գրել է «Դիալեկտիկական մատերիալիզմ» հայերեն առաջին դասագիրքը (1930), մասնակցել է Վ. Ի. Լենինի երկերի հայերեն հրատարակությունր նախապատրաստելուն։
Երկ. Մարքսիզմ–լենինիզմը անհրաժեշտության և ազատության մասին, «Աշխատություններ ՀՍՍՀ ԳԱ Փիլիսոփայության սեկտորի», 1950, № 1։ ՍՄԿԿ XXIV համագումարը և արդի գաղափարախոսական պայքարը, Ե., 1972։ Идея прогресса в буржуазной философии истории, Е., 1965.
