ՀՍՀ/ԱՍՄՈՒՆՔ
ԱՍՄՈՒՆՔ, գրական երկերի բեմական արտասանություն՝ հիմնված ստեղծագործության ինտոնացիոն կամ դրամատիկական հենքի վրա։ Ա–ի նյութը հիմնականում վիպական և քնարական ժանրերն են, իսկ արտահայտչամիջոցները՝ ոչ լրիվ առումով դրամատիկական–թատերային։ Ա–ի արվեստը ձևավորվել է հնագույն դարերում, երբ դեռ չէին բաժանվել հեղինակի ու կատարողի ֆունկցիաներր (աեդոսներն ու ռապսոդները Հին Հունաստանում, վիպասաններն ու գուսանները Հին Հայաստանում, ժոնգլյորներն ու տրուբադուրները միջնադարյան Եվրոպայում, սկոմորոխները Հին Ռուսիայում), իսկ ապա, գրականության զարգացմանը զուգընթաց, դրսևորվել է նաև իբրև զուտ կատարողական արվեստ։ Նոր և նորագույն ժամանակներում Ա. դարձել է դերասանական արվեստի մի ճյուղը։ Գրական երկերի էստրադային կատարումով հանդես են եկել է. Ռաշելը, Կոկլեն–ավագը, Վ. Դեժազեն (Ֆրանսիա), Յո. Կայնցը (Ավստրիա), Հ. Իրվինգը (Անգլիա), Պ. Մոչալովը, Մ. Շչեպկինը, Վ. Կաչալովը (Ռուսաստան), Պ. Ադամյանը, Ա. Հրաչյան, Վ. Գարագաշյանը (Հայաստան)։ Հայ իրականության մեջ Ա–ի որպես ինքնուրույն արվեստի ներկայացուցիչներից են՝ Ս. Քափանակյանը, Ս. Քոչարյանը, Հ. և Լ. Գարագաշները, Թ. Դեմուրյանը, Հ. Ջինանյանը և ուրիշներ։
Գրկ․ Քոչարյան Ս., Կենդանի խոսքի ոլորտներում, Ե., 1963։ Яхонтов В., театр одного актёра, М., 1958.
