ՀՍՀ/ԱՍՈՐԵՍՏԱՆ
ԱՍՈՐԵՍՏԱՆ, Աշուր (գլխ. կենտրոն Աշուր քաղաքի անունով), ստրկատիրական պետություն Առաջավոր Ասիայում։ Ա. նախապես գբաղեցրել է Տիգրիսի միջին հոսանքի շրջանը՝ տարածվելով հս–արլ–ում մինչև Զագրոսի լեռներր, հվ–արլ–ում՝ Զավ գետը, արմ–ում՝ Միջագետքի անապատները։ Ա–ի հնագույն բնակիչները, հիմնականում, խուրրիները և սուբարիներն էին, որոնք մ. թ. ա. II հազարամյակում մասամբ ձուլվեցին Ա–ի մյուս (սեմական) ցեղերին։ Ա. կարևոր նշանակություն է ունեցել Առաջավոր Ասիայի հնագույն երկրների տնտ. կյանքում։ Ա–ի և նրա Աշուր քաղաքի վրայով՝ Տիգրիս գետով, Միջագետքը կապված էր Ասորիքի, Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի հետ։ Մ. թ. ա. III հազարամյակում Ա. ենթարկվել է Միջագետքի հնագույն պետությունների՝ Շումերի, Աքքադի, Ուրի, Բաբելոնի մշակութային և քաղաքական ազդեցությանը։ Մ. թ. ա. XIX դ. վերջին Շամշիադաղ I, հենվելով ամովրհացի անապատային ցեղակիցների վրա, Ա–ում հիմնել է թագավորություն։ Մոտիկ գտնվելով Առաջավոր Ասիայի հաղորդակցության ուղիներին՝ Ա. արագորեն ընդարձակվել է։ Շամշիադադ I նվաճել է Հյուսիսային Միջագետքը և շրջակա երկրները։ Սակայն մ. թ. ա. XVIII դ. Ա. հարկադրված ենթարկվել է հզորացած Բաբելոնին, իսկ մ. թ. ա. XVI–XV դդ.՝ Միտանի պետությանը։ Մ. թ. ա. XIV դ. դարձել էր քայքայվող Միտանիի ժառանգության հավակնորդ։ Աշուրբալիտ I հափշտակեց նրա տարածքի զգալի մասը և Ա–ում հիմնեց նոր հարստություն։ Մ. թ. ա. XIII դ. Ադադներարի I, այնուհետև Սալմանասար I նվաճեցին Ասորիքը, թափանցեցին Հայկական լեռնաշխարհ և Փոքր Ասիա։ Սալմանասար I արշավեց Նաիրիի «լայնածավալ երկրները»։ Սալմանասար I հաջորդը՝ Թուկուլտինինուրտա I, Ա–ի սահմանները բոլոր ուղղություններով ընդարձակեց։ Նա գրավեց և կողոպտեց նաև Բաբելոն քաղաքը։
Ա–ի թագավորը միաժամանակ քրմապետ էր և զինվորական առաջնորդ։ Նվաճողական պատերազմներին զուգընթաց նա դարձել էր միահեծան, բռնակալ՝ այլևս հաշվի չնստելով ստրկատիրական ավագանու հետ։ Սալմանասար I գահանիստ էր դարձրել Քալաքը, Թուկուլտինինուրտա I՝ Քար–Թուկուլտինինուրտան՝ հեռանալով ավագանու խորհրդատեղից՝ Աշուրից։ Սակայն «ըմբոստացած ավագները» սպանեցին Թուկուլտինինուրտա I և, միանալով Բաբելոնին, գահ բարձրացրին իրենց կամակատարներին։ Թագավորական իշխանության հեղինակությունը վերականգնեց Թգլատպալասար I (մ. թ. ա. 1116–1090), որի կողոպտչական արշավանքները գլխավորապես ուղղվեցին Հայկական լեռնաշխարհի երկրների (Միլդիա, Քումանի, Մուսրի, Ալզի, Մուգի, Դայաննի ևն) ու ցեղերի դեմ։ Նա հաղթել է Նաիրիի 60 ցեղապետների դաշնակցած ուժերին և նրանց հալածել մինչև Սև ծով։ Հնազանդեցնելով Հայկական լեռնաշխարհի հվ–արմ. շրջաններում սփռված մուշքերին, սուբարիներին ու արամեացիներին՝ Թգլատպալասար I արշավեց Լիբանան, հարկեր ստացավ Եգիպտոսի փարավոնից։ Մ. թ. ա. XII դ. վերջերին Միջագետք ու Ասորիք թափանցած արամեացիների քոչվորական ցեղերը Ա–ի տիրապետությունը հասցրեցին անկման։ Ա–ի նոր վերելքը կապվում է Աշուրնասիրպալ II ժամանակ (մ. թ. ա. 883–859) Միջագետքում, Ասորիքում, Նաիրիի երկրներում վարած նվաճողական պատերազմների հետ։ Նրա հաջորդը՝ Սալմանասար III (մ. թ. ա. 859–824), երկարատև պատերազմներում ընկճելով հակաասորեստանյան դաշնակցության (Ասորիք, Պաղեստին, Փյունիկիա, Դամասկոս, Կիլիկիա) դիմադրությունը, բախվել է Արամե ուրարտացու հետ։ IX դ. երկրորդ կեսին Ա. հարկադրված եղավ Առաջավոր Ասիայում գերիշխանությունը զիջել Ուրարտուի թագավորությանը։ Մինչև մ. թ. ա. VIII դ. երկրորդ կեսը Ա. սոսկ պաշտպանողական պատերազմներ է մղել Ուրարտուի դեմ՝ զրկվելով անդրեփրատյան կարևորագույն դիրքերից։ Ա. նոր հզորացում է ապրել Թգլատպալասար III թագավորի օրոք (մ. թ. ա. 745–727)։ Թգլատպալասար III մ. թ. ա. 745–743-ին կատարել է ռազմական և վարչական բարեփոխումներ, ստեղծել մշտական բանակ՝ այն բաժանելով հեծյալ, հետևակ, պաշարող և գրաստային միավորումների։ Ուժեղացրել է նաև լրտեսական գործակալությանը։ Մ. թ. ա. 743-ին Թգլատպալասար III պատերազմ է սկսել Ուրարտուի դեմ։ Երկու վճռական ճակատամարտերում (Արպադում և Կոմագենեում) հաղթելով Սարդարի Բ–ին՝ նվաճել է Հյուսիսային Ասորիքը։ Իսկ մ. թ. ա. 735-ին ներխուժել է Ուրարտու և պաշարել նրա մայրաքաղաք Տուշպան։ Տուշպայի գրավման փորձերը ապարդյուն են անցել, սակայն Առաջավոր Ասիայում վերականգնվել է Ա–ի առաջնությունը։ Մինչև մ. թ. ա. 732 Ա. նվաճել է Ասորիքը, Փյունիկիան, Իսրայելը, Դամասկոսը, իսկ մ. թ. ա. 729-ին՝ Բաբելոնը։ Թգլատպալասար III կառավարման վերջին և Սարգոն II կառավարման սկզբի տարիներին Ա–ի քաղաքական վիճակը ծանրացել է։ Ուրարտուի թագավոր Ռուսա Ա ստեղծել է հակաասորեստանյան զինակցություն։ Հս–արլ–ից Ա–ին սպառնացել են Ուրարտուին դաշնակցած մուշքերի ցեղերը։ Քաղդեական ցեղերի առաջնորդ Մարդուկապալիդդինը, հարևան Ելամի պետության աջակցությամբ, մ. թ. ա. 721-ին հաղթելով Սարգոն II ուժերին՝ Բաբելոնը հռչակել է անկախ թագավորություն։ Ապստամբել են Ասորիքը, Փյունիկիան, Իսրայելը ևն։ Սակայն Սարգոն II մինչև մ. թ. ա. 717 ճնշել է ապստամբնեոին, ապա հաշտություն կնքել մուշքերի Միտա (ենթադրվում է Փռուգիայի Միդաս) թագավորի հետ։ Այնուհետև, օգտվելով Ուրարտուի վրա կիմերական ցեղերի արշավանքներից, Սարգոն II մ. թ. ա. 714-ին հարձակվել է նրա վրա։ Հանկարծակի գրոհով, Ուաուշ լեռան կիրճում (Ուրմիո լճից հվ.) հաղթել է ուրարտական ուժերին, ներխուժել Մուսասիր և կողոպտել այն։ Մուսասիրի գրավման և կողոպտման տեսարանը Սարգոն II քանդակել է Դուռ–Շարուկին մայրաքաղաքի իր պալատում։ Մ. թ. ա. 710-ին Սարգոն II գրավել է նաև Բաբելոնը և տապալել Մարդուկապալիդդինին։ Սարգոն II հաջորդել է որդին՝ Սինաքերիբը, որը նախ ճնշել է Բաբելոնի և Հուդայի ապստամբությունները, ապա երկու պատժիչ արշավանքներով (մ. թ. ա. 702 և 689) կործանել Բաբելոն քաղաքը, իսկ բնակիչներին արտաքսել, վերացրել որոշ քաղաքների արտոնությունները ևն։ Սինաքերիբի քաղաքականությունը սրել է ընդդիմադիր խմբավորումների դժգոհությունը։ Ի վերջո, դավադրությամբ նրան սպանել են որդիները և ապաստանել Ուրարտու երկրում՝ խույս տալով գահաժառանգ Ասարհադոնի (իշխել է մ. թ. ա. 680–669) վրեժից։ Երկրում դժգոհությունները մեղմելու նպատակով Ասարհադոնը վերակառուցել է Բաբելոն քաղաքը, բնակիչներին վերադարձրել, վերականգնել Սիպար, Նիպուր, Բորսիպա և ուրիշ քաղաքների արտոնությունները, ավելացրել քրմական տաճարների և Աշուր քաղաքի եկամուտ-
(նկ․) Սալմանսաար III թագավորի արշավանքը Հյուսիսային Ասորիք։ Բալավաթի պալատի դարպասի բարձրաքանդակից։ Լոնդոն, Բրիտանական թանգարան։ (նկ․) Ասորեստանյան զինվորները կործանում են բերդաքաղաքը։ Աշուրբանիպալի Նինվեի պալատի բարձրաքանդակներից, Լոնդոն, Բրիտանական թանգարան։
ները ևն: Սրա օրոք Ա. անցել է պաշտպանողական պատերազմների՝ խաղաղ հարաբերություններ հաստատելով Ուրարտուի թազավոր Ռուսա Բ–ի հետ։
Աշխատուժի նկատմամբ Ա–ի ստրկատերերի ունեցած պահանջը լրացվել է պատերազմական գերիներով, որի շնորհիվ Ա–ի բնակչության զգալի մասը ազատ է մնացել ստրկացումից և համալրել բանակի շարքերը։ Ա–ի ավագանին չէր հոգում երկրի տնտ. բարգավաճման մասին։ Նրա եկամուտների հիմն․ աղբյուրը կողոպտչական պատերազմներն էին։ Երկրի արտադրողականությունը հետզհետե անկում է ապրել։ Հաճախ ստրուկներն սպանել են տերերին, փախել նրանցից։ Ա., որպես բազմազան ցեղերի ու ժողովուրդների բռնի միավորում, անկայուն էր, մշտապես հակված նվաճողական պատերազմների։
Մինչև մ. թ. ա. 670-ական թթ. Ա. դեռևս պահպանեյ է իր հզորությունը։ Մ. թ. ա. 671-ին Ա. գրավել է Մեմփիս քաղաքը և ամրացել Ստորին Եգիպտոսում։ Մ. թ. ա. 669-ին Ասարհադոնը Ա–ի գահը հանձնել է որդուն՝ Աշուրբանիպալին, իսկ Բաբելոնի գահը՝ մյուս որդուն՝ Շամաշումուկինին։ Մոտավորապես նույն ժամանակներում մարական ցեղերը, Մանայի թագավորության ու սկյութական ցեղերի օգնությամբ, թոթափել են Ա–ի լուծը և Սարաստանում (Մեդիայում) հիմնել անկախ թագավորություն։ Աշուրբանիպալը դժվարությամբ է ճնշել Շամաշումուկինի ապստամբությունը (մ. թ. ա. 653–652), որը, հենվելով քաղդեական ավագանու վրա և դաշնակցելով արամեացիների, Ելամի, հավանաբար նաև Մարաստանի ու Եգիպտոսի հետ, Բաբելոնը անկախ էր հռչակել։ Մ. թ. ա. 626-ին Բաբելոնի գահը խլել է քաղդեացի առաջնորդ Նաբոպալասարը։ Աշուրբանիպալի որդի Սինշարիշկուի կառավարման տարիներին (մ. թ. ա. 616–612) Ա. ստիպված դաշինք է կնքել Մանայի թագավորության, Ասորիքի և Եգիպտոսի հետ։ Մ. թ. ա. 615–614-ին Մանայի և Մեդիայի դաշնակից ուժերը, հետապնդելով Ա–ի խուճապահար զորքերին, գրավել և կործանել են Աշուր քաղաքը։ Շուտով Բաբելոնի Նաբոպալասար թագավորի բանակը շարժվել է Աշուր և նրա ավերակների վրա դաշինք կնքել Մեդիայի Կիաքսար թագավորի հետ։ Մ. թ. ա. 612-ի մայիսից դաշնակիցները պաշարել և հուլիսի վերջերին գրավել են Ա–ի մայրաքաղաք Նինվեն։ Ա–ի զորքի խղճուկ մնացորդները մ. թ. ա. 605-ին ջախջախվել են Կարքեմիշի մոտ։ Ա. որպես պետություն դադարել է գոյություն ունենալուց, իսկ բնակչությունը աստիճանաբար ձուլվել է Միջագետքի արամեացիներին։
Գրկ. Ասորեստանյա և պարսիկ սեպագիր արձանագրությունք, թրգմ. Հ. Սանտալճյան, Վնն., 1901։ Всеминая история, т. 1, М., 1955; Дьяконов И. М., Развитие земельных отношений в Ассирии, Л., 1949; Olmstead A. T. E., History of Assyria, N. Y., [1923]; Luckenbill D. D., Ancient record of Assyria and Babylonia, v. 1-2, Chicago, [1926–27]; Smith S., Early history of Assyria to 1000 B. C., L., 1928.
