ՀՍՀ/ԱՍՈՒՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԱՍՈՒՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտությունների ամբողջություն, որն ուսումնասիրում է հին Առաջավոր Ասիայի՝ սեպագիր դպրություն ունեցող ժողովուրդների (շումերներ, բաբելոնացիներ, ասորեստանցիներ ևն) լեզուն, պատմությունը, մշակույթը։ Մինչև XVII դարը Առաջավոր Ասիայի հնագույն պատմության հիմնական աղբյուրներն էին Աստվածաշունչը, բաբելոնյան պատմագիր Բերոսոսի (մ. թ. ա. IV–III դդ.) աշխատությունից պահպանված հատվածները և անտիկ հեղինակների վկայություն ները։ XVIII դ. իտալացի ճանապարհորդ Պիետրո դելլա Վալլեն Եվրոպա բերեց Պերսեպոլիսում Դարեհ I պալատի ավերակներում հայտնաբերված սեպագիր արձանագրությունների առաջին գծագրերը։ 1820-ին անգլիացի հնախույզ Կլավդիոս Ջեյմս Ռիչը Քույունջիկ բլրի վրա սկսեց Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի պեղումները։ 1842-ին Մոսուլում պեղումները շարունակեց ֆրանսիական հյուպատոս Պոլ Բոտան, որը հայտնաբերեց ասորեստանյան Դուր–Շարուկին քաղաքը՝ Սարգոն II պալատով ժամանակակից Խորսաբադ բլուրը)։ 1845–51-ին անգլիացի հնագետ Ա. Լեյարդը պեղեց Ասորեստանի երկու մայրաքաղաքները՝ Քալաքը (Կալ–խու) և Նինվեն։ Քալաքում հայտնաբերվեց մ. թ. ա. IX–VII դդ. հինգ պալատ, իսկ Նինվեում՝ Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալի (մ. թ. ա. 669–633) պալատը՝ գրադարանով։ Ասորեստանից սեպագիրը վերցրեցին ուրարտացիները։ Ուրարտուի թագավորներ Իշփուինիի (մ. թ. ա. 825–810) և Մենուայի (մ. թ. ա. մոտ 810–781) արձանագրությունները երկլեզվյան են՝ ասուրա–ուրարտերեն։ Հուշարձանների կուտակման հետ զուգահեռ ուսումնասիրվում էր նաև հայտնաբերված նյութը։ Ա–յան հիմքը դրվեց XIX դ. կեսին Օ. Գ. Լեյարդի (Անգլիա) և Պ. Է. Բոտտի (Ֆրանսիա) հնագիտական հետազոտություններով, որոնք Քույունջիկ, Նեմրուդ և Խորասաբադ քաղաքատեղիներում (Իրաք) հայտնաբերեցին մ. թ. ա. IX–VII դդ․ ասորեստանյան բազմաթիվ գրավոր և արվեստի հուշարձաններ, ինչպես նաև Գ. Ռոուլինսոնի (Անգլիա) կողմից Բիհիսթունյան եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն, բաբելերեն) սեպագիր արձանագրության հայտնաբերումով։ Ա–յան մեջ մեծ հաջողությունների են հասել նաև ռուս գիտնականները (Վ. Ս. Գոլենիշչև, Բ. Ա. Տուրաև, Մ. Վ. Նիկոլսկի, Վ․ Վ. Ստրուվե, Ի. Ի. Մեշչանինով, Ն. Մ. Նիկոլսկի)։ Մ. Վ. Նիկոլսկին համարվում է ռուս Ա–յան հայրը։ Օգտագործելով կուտակված փաստական նյութը՝ սովետական Ա. հստակ դրեց և լուծեց հին արևելյան հասարակության ստրկատիրական բնույթի և նրանում դասակարգային պայքարի առանձնահատուկ ձևերի հարցը։
Գրկ. Ասորեստանյա և պարսիկ սեպագիր արձանագրություն, թրգմ. Հ․ Սանտալճյան, Վնն., 1901։ Никольский М. В., Документы хозяйственной отчетности древнейшей эпохи Халдеи из собрания Н. П. Лихачева, Древности восточные, т. 3, в. 2, СПБ, 1900, т. 5, М., 1915; Струве В. В., Проблемы истории Древнего Востока в советской историографии, «Вестник древней истории», 1947, № 3; Дьяконов И. М., Изучение клинописи в СССР за 30 лет, նույն տեղում, Фридрих И., Дешифровка забытых письменностей и языков, пер. с нем., М., 1961; Zeitschrift fur Assyriologie und verwandte Gebiete, Lpz., 1886–1938.
