ՀՍՀ/ԱՍՊԵՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՍՊԵՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Արևմտյան Եվրոպայի աշխարհիկ ֆեոդալների տղաների դաստիարակության համակարգ XIII–XIV դարերում։ Դաստիարակության բովանդակությունը «ասպետական յոթ առաքինություններն» էին (ձիավարել, լողալ, նիզակ նետել, սուսերամարտել, որսորդություն անել, շախմատ խաղալ, բանաստեղծություններ հորինել և նվագել քնար)։ Սինչև 7 տարեկան տղան դաստիարակվում էր տանը, մոր հսկողության տակ, 7–14 տարեկանում կատարում էր մանկլավիկի պարտականություն գերագույն տիրոջ (սյուզերենի) դղյակում, 14 տարեկանից դառնում էր նրա զինակիրը և անցնում փորձաշրջան, 21-ից տրվում էր ասպետի կոչում (տես Ասպետություն)։ Հայ իրականության մեջ ասպետությունը համապատասխանում էր «ազատանիին», որի դաստիարակության համակարգում որոշակի տեղ էր գրավում նաև մտավոր դաստիարակությունը։
Գրկ. Ефимова Е., Рыцарство, 2 изд., М., 1914.
