Jump to content

ՀՍՀ/ԱՍՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՍՊԵՏՈՒԹՅՈՒՆ, զինվորական դաս միջնադարյան Եվրոպայում՝ կազմված միջին և մանր ֆեոդալներից։ Ասպետները, որպես սենիորի (խոշոր ազնվականի) վասալներ, նրա բանակում զինվորական ծառայության դիմաց վարձատրվում էին հողով։ Ա. լայն տարածում է գտել XI–XIV դդ.։ Ասպետների եկամտի աղբյուրը գյուղացիության շահագործումը և պատերազմական ավարն էր։ Ասպետները թագավորական ռազմական ուժ էին և միավորվում էին հատուկ օրդենների մեջ, որոնք հետագայում Ա–յան, որպես հողատիրական դասի վերացվելուց հետո, պահպանվեցին արքունի բանակներում։ Բացի արքունական ասպետական օրդեններից XI–XII դդ. ստեղծվել էին երեք օրդեններ, որոնց նպատակն էր ուղեկցել և օգնել խաչակիրներին, պաշտպանել և ուժեղացնել Մերձավոր Արևելքում առաջացած ֆրանկ. պետությունները։ Այդ օրդեններն էին՝ Հիվանդախնամ կամ Հյուրընկալների (1113), Տաճարականների (1119) և գերմանական Տևտոնյան (1118), որոնք հիմնադրվել էին Երուսաղեմում և գտնվում էին պապականության հովանավորության ներքո։ Ասպետներր Մերձավոր Արևելք եկան Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ։ Նրանք հաստատվեցին նաև Կիլիկիայում և տեղի հայ մեծ իշխաններից ու թագավորներից ստանալով հողային նվիրատվություններ՝ դարձան նրանց վասալները (տես Կիլիկիայի հայկական պետություն)։ Օրդենները պարտավոր էին ռազմական օգնություն ցույց տալ հայերին։ Նվիրատվությունները պայմանական բնույթ ունեին և ետ էին խլվում վասալների անհավատարմության դեպքում։ Ասպետական օրդենների (Հյուրընկալների, Տաճարականների, Տևտոնյան) տիրույթները Կիլիկիայում հիշատակվում են XII դ. առաջին կեսից։ Տևտոնյան օրդենը նվաճողական քաղաքականություն էր վարում սլավոնական ժողովուրդների նկատմամբ Արևելյան Եվրոպայում։ Սակայն ռուս․ հողերը գրավելու նրա փորձը վճռական հակահարված ստացավ. 1242-ին Նովգորոդի իշխան Ալեքսանդր Նևսկին Չուդ լճի ճակատամարտում ջախջախեց գերմ. ասպետներին (տես Սառցաջարդ 1242)։ Ֆեոդալական հարաբերությունների քայքայման, ինչպես և հրազենի երևան գալու հետևանքով Ա. կորցնում է իր դերը և զրկվում երբեմնի հզորությունից։ Քայքայվող Ա–յան որոշ մասը համալրում է մանր ազնվականության շարքերը։ Պատվի ու պարտականության մասին ըմբռնումը հատկանշական էր Ա–յան համար։ Այստեղից էլ փոխաբերական իմաստով «ասպետ» նշանակում է անձնուրաց և առաքինի, աշխատանքում բոլորանվեր անձնավորություն:

Գրկ. Բուռնազյան Ս. Վ., Հայ ասպետությունը Կիլիկյան հայկական պետությունում XII–XIV դարերում, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1963, № 5; Runciman S., A History of the Crusades, v. 1–3, Camb. 1954–55։ Ս. Բուռնազյան