Jump to content

ՀՍՀ/ԱՍՊԵՐԳԻԼԻՈԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՍՊԵՐԳԻԼԻՈԶ, թռչունների, ավելի քիչ գյուղատնտեսական մյուս կենդանիների և մարդկանց վարակիչ հիվանդություն, որը բնորոշվում է շնչառական օրգանների և լորձաթաղանթների ախտահարմամբ։ Հարուցիչը քիմիական և ֆիզիկական ազդակների նկատմամբ դիմացկուն բորբոսասունկն է (Aspergillus funigatus, ավելի քիչ՝ A. flavus, A. niger)։ Ա. մեծ վնաս է հասցնում թռչնաբուծությանը (ճտերի անկումները հասնում են 50–90%)։ Ա–ի նկատմամբ զգայունակ են բոլոր թռչունները, հատկապես ճտերը։ Նկարագրված է նաև խոշոր եղջերավորների, ձիերի, խոզերի, ոչխարների, ճագարների և ծովախոզուկների Ա.։ Հարուցիչը օրգանիզմ է թափանցում շնչառական և մարսողական ուղիներով։ Գաղտնի շրջանը տևում է 3–10 օր։ Ճտերի Ա. ունի սուր բնույթ, իսկ մեծահասակ թռչուններինը՝ քրոնիկական։ Սուր Ա–ի ժամանակ նկատվում է ընկճվածություն, ախորժակի անկում, ուժեղ ծարավ, թույլ և դժվար շնչառություն, հոսք քթի խոռոչից, աչքի լորձաթաղանթի բորբոքում, լուծ։ Քրոնիկականի ժամանակ նշված նշանները զարգանում են դանդաղ, թռչունները նիհարում են և սատկում։ Կաթնասունների Ա–ի ժամանակ նկատվում է դժվար շնչառություն, հազ, հոսք քթից, երբեմն զարգանում է թոքերի էմֆիզեմա։ Ա. ախտորոշում են էպիզոոտոլոգիական, ԱՍՍԱՄ 573

կլինիկական, ախտանատոմիական տվյալներով և լաբորատոր հետազոտության արդյունքներով: Բուժումը չի մշակված: Ախտականխիչ միջոցառումներ են՝ պաշտպանել ձվերը բորբոսասնկերից, կենդանիներին չկերակրել բորբոսասնկերով վարակված, փտած կերով, հաճախակի ախտահանել գույքը և թռչնանոցները: Հ. Խաչատրյան