Jump to content

ՀՍՀ/ԱՍՊԻՍԱԿԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՍՊԻՍԱԿԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ, գործել է 13–14-րդ դդ., Քաջբերունիք գավառի Ասպիսակ գյուղի մերձակա Սուրբ Աստվածածին վանքում (հյուսիսային կողմից Վանա լիճը թափվող Վրհոնից գետի ափին): Հիմնադրել է Քաջբերունիքի տեսուչ Տեր Աբրահամը, անեցի մեծահարուստ Ավետենց Սահմադինի նվիրատվությամբ 1256–1265 թթ.-ին վանքը վերակառուցելուց հետո: Գրչության այդ կենտրոնից մեզ հասած առաջին ձեռագիրն ընդօրինակվել է 1281 թ.-ին, Հովսեփի ձեռքով (Բրիտանական թանգարան, ձեռ. № 2670): Երևաևի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռ. № 193) պահվում է նույն գրչի 1299 թ.-ին արտագրած Աստվածաշունչը: Նշանավոր գրիչներից էր Ղազարը, որը նաև ծաղկող էր: Գրչության արվեստն այդտեղ առավել զարգացման է հասել 14-րդ դ. սկգբին, երբ վանքի առաջնորդ է կարգվել Գլաձորի համալսարանն ավարտած Ստեփանոսը: Նրա օրոք էլ վանքի մատենադարանը հարստացել է հին գրքերի ընդօրինակություններով: Ա. Մաթևոսյան