ՀՍՀ/ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ, բուհերի և գիտահետազոտական հիմնարկների համար գիտական և մանկավարժական կադրեր պատրաստելու հիմնական ձև ՍՍՀՄ–ում: Կազմակերպվել է 1925 թ.-ին: Ասպիրանտներ պատրաստվում են արտադրությունից կտրված՝ ստացիոնար և արտադրությունից չկտրված՝ հեռակա: Ասպիրանտուրա կարող են ընդունվել 45-ից ոչ բարձր տարիք ունեցող անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և հատուկ ընդունակություններ են ցուցաբերել գիտական և մանկավարժական աշխատանքի նկատմամբ: Ասպիրանտների պատրաստման ժամկետը, որպես կանոն, երեք տարի է (հեռակա ասպիրանտուրայում՝ 4 տարի): Այդ տարիներին ասպիրանտը հանձնում է թեկնածուակաև քննություններ և գրում դիսերտացիոն աշխատանք, որը որպես մենագրություն կամ առանձին հոդվածների ձևով գիտական հանդեսներում հրատարակվելուց հետո ներկայացվում է պաշտպանության՝ գիտությունևերի թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար: ՀՍՍՀ–ում ասպիրանտուրան ստեղծվել է 1928 թ.-ի սեպտեմբերին, Երևանի պետական համալսարանում: 1928-1929 թթ. ուսումնական տարում ունեցել է 8 տեղ, որից 5-ը՝ մանկավարժական, 2-ը՝ գյուղատնտեսական և մեկը բժշկակաև ֆակուլտետներում: Հետագայում ասպիրանտուրան ստեղծվեց բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական հիմնարկների մեծ մասում՝ Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստիտուտում (1933 թ.), Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում (1938 թ.), Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում (1938 թ.), ՀՍՍՀ ԳԱ–ում (1943 թ.) և այլն:
Գիտության զարգացման և գիտական կադրերի աճին զուգընթաց Հայկական ՍՍՀ–ում տարեցտարի ավելացել է ասպիրանտների թիվը: Տես աղյուսակը:
| Ասպիրանտների թիվը | |||
| Տարի | Ընդամենը | Այդ թվում | |
| բարձրագույն ուս. հաստատություններում |
գիտահետազոտական հիմնարկներում |
||
| 1928 | 8 | 8 | – |
| 1940 | 142 | 110 | 32 |
| 1950 | 297 | 257 | 40 |
| 1960 | 364 | 158 | 206 |
| 1970 | 1180 | 595 | 585 |
| 1972 | 1161 | 562 | 599 |
