Jump to content

ՀՍՀ/ԱՍՍԱՄԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՍՍԱՄԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Հնդկաստանի հյուսիս արևելքում ապրող ժողովրդի՝ ասսամների գրականությունը: Գրավոր ամենահին հուշարձանը 13-րդ դ., բանաստեղծ Հեմ Սարասվաթիի «Պրախլադչարիթա» պոեմն է: Հետագայում ասսամական մշակույթը կարևոր տեղ է գրավել հնդկական բազմալեզու գրականության մեջ: 14 16-րդ դդ. մեծ ճանաչում են գտել բանաստեղծ Մադհավ Կանդալին և կրոնա–ռեֆորմատորական շարժման պարագլուխ, ասսամական թատերգության հիմնադիր Սանկարդևը: 18–19-րդ դդ., արտաքին հարձակումների պատճառով, երկրի տնտեսական և մշակութային կյանքը անկում է ապրել: 19-րդ դ. երկրորդ կեսը նշանավորվել է լուսավորչական շարժման վերելքով, երևան են եկել գրական նոր ժանրեր՝ պատմվածք, վեպ (Լ. Բեզբարուա, Ռ. Բարդոլոյ) և այլն: Ասսամական գրականության համար բնորոշ են անգլիական գաղութարարների դեմ գրված գործերը (Պ. Չոուդխուրի, «Հրաշեկ երգեր»): Սոցիալական պրոբլեմատիկան, հասուն հոգեբանությունը, իրականության ռեալիստական նկարագրությունն են տվել ասսամական ժամանակակից գրողներ Ս. Ա. Մալիկան, Չ. Կ. Գոգոյան, Բ. Կ. Բհաթաչարյին, Դինանաթհա Շարմին, Պ. Պհուկանան:

Գրականություն՝ История индийских литератур. пер. с англ., М., 1964. Ջ. Միրզաբեկյան