ՀՍՀ/ԱՍՏԱՊԱՏ
ԱՍՏԱՊԱՏ, գյուղաքաղաք Վասպուրականի Նախճավան գավառում, Արաքսի ձախ ափին: Առաջին անգամ հիշատակում են Թովմա Արծրունին՝ Նախճավանի և Խրամի 705 թ.-ի կոտորածի առթիվ, և 12-րդ դ. Ստեփանոս Օրբելյանը՝ որպես գյուղ: Հետագայում այն բարգավաճելով դարձել է գյուղաքաղաք: 1604 թ.-ին Շահ–Աբբասը Աստապատի հայերին բռնությամբ գաղթեցրել է Պարսկաստան: 17-րդ դ. կեսերին Աստապատը վերականգնվել է և, ֆրանսիացի ճանապարհորդ Ժ. Տավեռնիեի վկայությամբ, մի փոքրիկ քաղաք էր, ուր կար 4 քարավանատուն և յուրաքանչյուր տուն ուներ իր աղբյուրը: 19-րդ դ. առաջին քառորդին պարսից թագաժառանգ Աբբաս–Միրզան ֆրանսիացի ռազմագետների խորհրդով Աստապատի տեղում կառուցել է ամրոց՝ ջրախրամով, իսկ բնակիչներին տեղափոխել փոքր–ինչ հյուսիս, ուր և հիմնվել է նույնանուն գյուղը: Ամրոցը կոչվել է Աբբասաբադ: 1827 թ.-ի հուլիսին ռուսական բանակը Ջիվանբուլաղի ճակատամարտում պարսիկներից գրավել է Աստապատը:
Աստապատում զարգացած են եղել առևտուրը և արհեստագործությունը: 14-րդ դ. վերջին այնտեղ հիմնադրվել է դպրոց, որտեղ դասավանդել են Գրիգոր Տաթևացու աշակերտները: 17-րդ դ. Աստապատում գրվել են մի շարք ձեռագրեր: Տավեռնիեի վկայությամբ, Աստապատը միակն էր, որ արդյունահանում էր ռոնաս (Ronas) կարմրաներկի արմատը, որով Պարսկաստանում և Հնդկաստանում կտավ էին ներկում: 19-րդ դ. գյուղը հայտնի էր իր կավագործությամբ: 19-րդ դ. վերջին գյուղն ունեցել է 391 տուն (60-ը պարսիկներ), շուրջ 3400 բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ՝ բամբակի մշակությամբ, շերամապահությամբ, այգեգործությամբ: 20-րդ դ. սկզբներից Աստապատի հայ բնակիչներն աստիճանաբար գաղթել են, տեղում բնակություն են հաստատել ադրբեջանցիները: ՍՍՀՄ–ի և Իրանի 1963 թ.-ի հուլիսի 27-ի պայմանագրով, Արաքսի ջրամբարը կառուցելիս, գյուղի բնակիչները ապաբնակեցվել են, տարածքն անցել է ջրի տակ: Աստապատում է ծնվել նշանավոր հայագետ Մ. Խ. Աբեղյանը:
Աստապատի հուշարձաններից է Սուրբ Վարդան վանքը, որտեղ, ըստ ավանդության, պատանքվել են (աստ պատել են, այստեղից էլ, ըստ ժողովրդական ստուգաբանության, առաջացել է գյուղի Աստապատ անունը) Ավարայրի ճակատամարտի նահատակները: Վանքը բաղկացած է եկեղեցուց և գավթից: Քառամույթ եկեղեցին (17-րդ դ.) ունի բարձր գմբեթ, երկու ավանդատուն, երեք մուտք: Կառուցված է քարից (ստորին մասը) և թրծած աղյուսից, ներսից սվաղված է և ունի որմնանկարներ: Գավթի մեջ բացվող արևմտյան մուտքի ճակատին պատկերված է տիրամայրը՝ Հիսուսը գրկին: տին պատկերված է տիրամայրը՝ Հիսուսը գրկին։ XX դ. սկզբին կանգուն էին սրբատաշ քարից կառուցված գավթի չորս սյուները՝ կամարներով։ Ս. Վարդանին կից եղել է նաև կարմիր աղյուսից Ս. Պետրոս և Պողոս եկեղեցի։ Աբբասաբադը կառուցելիս Ս. Վարդանը թողնվել է ամրոցի մեջ և օգտագործվել է որպես պահեստատեղ։ Ամրոցից հվ–արլ. եղել է Ս. Հովհաննես վանքը, որը քանդվել է և քարերն օգտագործվել են բերդի շինարարության ժամանակ։ Վանքն ունեցել է գավիթ և պարիսպ։ Ա–ից ավելի քան 3 կմ հվ–արլ., Արաքսի ձախ ափին, քարքարոտ բլրի վրա բարձրանում է Ս. Ստեփանոս վանքը (Խնդրակատար Ս. Ստեփանոս), որը կոչվում է նաև Քարատակի կամ Կարմիր վանք (կառուցված է կարմիր քարով և աղյուսով)։ Պատերին ագուցված են խաչքարեր 1277, 1471, 1477 և 1481 թթ. արձանագրություններով։ Վանքի եկեղեցին (ներկայիս շինությունը կառուցվել է XVII դ.) երկու առանձին մույթերով, բարձր, սլացիկ գմբեթով շինություն է՝ արևելյան կողմի զույգ ավանդատներով։ Գավիթը կառուցվել է XVIII դ. պարսպի և բուրգերի հետ միաժամանակ։ Վանքի շուրջը կան նաև կրկնահարկ բնակելի տներ ն տնտեսական շենքեր։
Գրկ. Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893, էջ 507–14։ Լալայան Ե., Նախիջևանի ոստիկանական շրջան կամ Նախճավան, «ԱՀ», 1907, № 15։
