ՀՍՀ/ԱՍՏԱՊԱՏԻ ԴՊՐՈՑ
ԱՍՏԱՊԱՏԻ ԴՊՐՈՑ, 1. գործել է XIV դարի սկզբին, Նախիջևան գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ) Աստապատ գյուղի Ս. Վարդան եկեղեցում։ Այդտեղ դասավանդել են Գևորգ Ծերունին և ուխտի առաջնորդ Վարդանը։ 2. 1379-ին, Աստապատի մոտ, Ս. Ստեփանոս վանքում Մաղաքիա Ղրիմեցու միջոցներով բացվել է նոր դպրոց, որի առաջին րաբունապետն է եղել Ապրակունյաց դպրոցից այդտեղ տեղափոխված Սարգիս վարդապետը։ Այդ դպրոցը բարձր տիպի էր, պատրաստում էր վարդապետներ։ Այդտեղ նաև գրչություն էին սովորում, ընդօրինակություններ կատարում։ Դպրոցը գոյատևեց մինչև 1388, որից հետո Սարգիս Րաբունապետը տեղափոխվեց Քաջբերունիքի Խառաբաստի կամ Սուխարա վանքի դպրոցը։ Բազմաթիվ ձեռագրեր են ընդօրինակվել հատկապես XVII դ., երբ վանքի առաջնորդ է եղել Հովսեփ վարդապետը։ Վանքի գրադարանը գոյություն է ունեցել մինչև 1916։
Գրկ. Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893, էջ 507–14։ Ոսկյան Հ., Վասպուրական–Վանի վանքերը, 2 մաս, Վնն., 1942, էջ 506 – 27։
