ՀՍՀ/ԱՍՏՂԱԴԻՆԱՄԻԿԱ
ԱՍՏՂԱԴԻՆԱՄԻԿԱ, երկնային մեխանիկայի բաժին, զբաղվում է արհեստական երկնային մարմինների շարժումների ուսումնասիրությամբ։ Ի տարբերություն դասական երկնային մեխանիկայի, Ա. բացի նյուտոնյան ձգողական ուժերից, հաշվի է առնում նաև Երկրի մթնոլորտի դիմադրությունը, Արեգակի ճառագայթման ճնշումը, Երկրի մագնիսական դաշտում գործող ուժերը և արհեստական երկնային մարմինների կառավարման (նրանց վրա տեղադրված հրթիռային շարժիչների միջոցով) հետ կապված լրացուցիչ այլ ուժեր։ Վերջիններս հաշվի առնելու դեպքում բարդանում են շարժման հավասարումները և նրանց լուծումները պահանջում են նոր (հաճախ նաև թվային) մեթոդներ։ Ա–ի յուրօրինակ խնդիրներից է ուղեծրի նախագծումը, որի նպատակն է արձակման ու կառավարման որոշակի պայմանների դեպքում ստանալ տվյալ առանձնահատկություններով շարժում։ Կարևոր է ուղեծրի փոփոխման խնդիրը՝ մարմնի մի ուղեծրից մյուսին անցնելու համար (էներգիայի նվազագույն ծախսմամբ, հնարավոր կարճ ժամանակամիջոցում ևն)։ Այդ խնդիրների հետ են կապված, օր. Երկիր–Մարս–Երկիր տիպի թռիչքները, արհեստական մարմնի վերադարձը Երկիր, նրա վայրէջքը Լուսնի վրա։ Ա–ի խնդիրներից են նաև արհեստական երկնային մարմինների շարժման տեսությունների մշակումը, կոորդինատների տված համակարգի նկատմամբ արհեստական երկնային մարմնի կայունացումը, նրա պտտական շարժման նախագծումը։ Լ․ Միրզոյան
