Jump to content

ՀՍՀ/ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, գիտական հիմնարկ, որտեղ կատարվում են երկնային մարմինների ու երևույթների դիտումներ և հետազոտություններ։ Այդ դիտումների նպատակն է՝ չափել երկնային մարմինները բնութագրող մեծությունները (կոորդինատներ, պայծառություն, գույն ևն)։ Աստղագիտական դիտումները կատարվում են աստղադիտակներով և ռադիոաստղադիտակներով։ Աստղադիտակները, սովորաբար, տեղադրվում են պտտվող գմբեթներով հատուկ աշտարակներում կամ շարժվող տանիքներով տաղավարներում։ Ռադիոաստղադիտակների չափերը մեծ են (տասնյակ ու հարյուրավոր մետր), և նրանք տեղադրվում են բաց երկնքի տակ։ Դիտողական նյութի մշակման համար Ա–ի լաբորատորիաներում կան հատուկ չափիչ ու հաշվիչ սարքեր։ Դիտողական տվյալների ճշտությունը մեծ չափով կախված է մթնոլորտային պայմաններից։ Այդ պատճառով ժամանակակից Ա–ները կառուցվում են բարձր լեռներում, մեծ քաղաքներից և արդ. կենտրոններից հեռու, որտեղ մեծ է մթնոլորտի թափանցելիությունը։

Որոշ Ա–ներ մասնագիտացված են և հետազոտությունները կատարում են մի որոշակի եղանակով կամ նպատակով։ Այսպես, գոյություն ունեն ռադիոաստղադիտարաններ, արեգակնային կայաններ, արհեստական արբանյակների դիտման կայաններ ևն։ Աստղաֆիզիկական Ա–ում հետազոտվում են Տիեզերքում և երկնային մարմիններում տեղի ունեցող ֆիզիկական երևույթները և դրանց ֆիզիկական հատկությունները։ Որոշ Ա–ներում որոշում են ճշգրիտ ժամանակը և կազմում աստղագիտական օրացույցներ։

Ա–ները շատ հին պատմություն ունեցող գիտական հիմնարկներից են, որոնց ստեղծումը (իհարկե առանց օպտիկական և այլ ճշգրիտ սարքերի) պայմանավորվել է մարդու գործնական պահանջներով՝ որոշվել է ժամանակը, մշակվել են տեղանքում և ծովում կողմնորոշվելու եղանակներ ևն։ Հին աշխարհում Ա–ներ գոյություն են ունեցել Բաբելոնում, Չինաստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Մեքսիկայում, Հայաստանում։

Արդի Ա–ների պատմությունը սկիզբ է առնում միայն XVII դ. երկրորդ կեսից, երբ աստղագիտական դիտումների համար սկսեցին օգտագործել աստղադիտակներ։ Այժմ աշխարհում գործում են շուրջ 500 Ա–ներ։ Արտասահմանյան խոշորագույն Ա–ներից են Մաունթ Պալոմարի, Մաունթ Վիլսոնի, Կիտ Պիկի, Լիկի (ԱՄՆ), Վերին Պրովանսի (Ֆրանսիա), Տաուտենբուրգի (ԳԴՀ), Բերգեդորֆի (ԴՖՀ) և Օնդրժեյովի (Չեխոսլովակիա) Ա–ները։ ԱՍՀՄ–ում գտնվում են շուրջ 30 Ա–ներ։ Դրանցից են Պուլկովոյի, Ղրիմի, Աբասթումանի, Ալմա–Աթայի, Գոլոսենոյի, Տիրավերեյի և Շամախու Ա–ները։ Սովետական Հայաստանում գործում են Երևանի պետ. համալսարանի (1934-ից) և Բյուրականի աստղադիտարանները (1946-ից)։ Ա–ները, որպես կանոն, ուսումնասիրությունների արդյունքները հրապարակում են իրենց իսկ գիտական հանդեսներում։ Բյուրականի Ա. 1965-ից լույս է ընծայում «Աստղաֆիզիկա» հանդեսը։ Հ. Թովմասյան