Jump to content

ՀՍՀ/ԱՍՏՂԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՍՏՂԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ, աստղերի տարեկան անկյունային տեղաշարժը երկնքում։ (Անկյուն, որի տակ դիտվում է աստղի տարածական արագության պրոյեկցիան տեսագծին ուղղահայաց հարթության վրա)։ Է. Հալլեյը նկատեց (1718), որ Սիրիուսի, Պրոցիոնի և Արկտուրի կոորդինատները չեն համընկնում հին հույների տված կոորդինատների հետ։ Անցել էր շուրջ 2000 տարի, և տեղաշարժերը հասել էին զգալի չափերի։ Այնպես որ, դրանք միայն դիտողական սխալներ համարելը ճիշտ չէր լինի։ Հետևաբար, ենթադրվեց, որ աստղերն ունեն սեփական շարժումներ։

Ա. ս. շ. շատ աննշան են (տարեկան միջին հաշվով 0",01)։ Աստղերի միայն 10% ունի զգալի (0",5–ից մեծ) սեփական շարժում։ Երկնքի ամենաարագաշարժ աստղը Բարնարդի թռչող աստղն է (տարեկան տեղափոխությունը 10",27)։ Ա. ս. շ. մեկ կամ երկու տարում նկատելն անհնար է. պետք է կատարել երկար ընդհատումներով դիտումներ և համեմատել արդյունքները (բացարձակ տեղաշարժ)։ Հարաբերական տեղաշարժերը ստանալու համար հետազոտվող տիրույթը նկարահանվում է երկու անգամ (մոտ 50 տարի ընդմիջումով) և արդյունքները համեմատվում բլինկ–կոմպարատոր գործիքի օգնությամբ։ Արդի չափողական ու դիտողական մեթոդները թույլ են տալիս Ա. ս. շ. չափել 0",001 ճշտությամբ։ Վ. Հերշելն ապացուցեց (1783), որ Արեգակը շարժվում է Տիեզերքում և, օգտվելով Ա. ս. շ–ից, տվեց նրա շարժման ուղղությունը։ Ա. ս. շ–ի օգնությամբ ուսումնասիրվում է Գալակտիկայի կառուցվածքը և դինամիկան։ Այն հնարավորություն տվեց հայտնաբերել շարժվող աստղակույտեր՝ Մեծ արջ, Ցուլ և այլ համաստեղություններում։ Հոլանդացի աստղագետ Ա. Բլաուն Պերսեյ II աստղասփյուռի Ա. ս. շ–ի ուսումնասիրությամբ հաստատեց (1952) Վ. Համբարձումյանի այն վարկածը, ըստ որի, աստղասփյուռները երբեմն ընդարձակվում են 10 կմ/վրկ արագությամբ։ Ռ. Մնացականյան