Jump to content

ՀՍՀ/ԱՍՏՂԻԿ ԱՍՏՎԱԾՈՒՀԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՍՏՂԻԿ, սիրո և գեղեցկության աստվածուհին հայկական դիցարանում։ Համապատասխանում է հուն. Աֆրոդիտեին։ Ա–ին նվիրված մեհյանները գտնվում էին Աշտիշատում, Արտաշատում, Անձևաց գավառում՝ Պաղատ լեռան գագաթին, Վանի մոտ՝ Արտամետում և այլուր։ Ա–ին նվիրված տոնը կոչվում էր Վարդավառ և մեծ հանդիսավորությամբ նշվում էր հուլիսի (նավասարդի) կեսին։ Ակադ. Մ. Աբեղյանը Ա–ին համարում է նաև ջրի աստվածուհի և գտնում է, որ Գեղամա լեռներում և Հայաստանի այլ վայրերում հայտնաբերված «վիշապներ» կոչված ձկնակերպ կոթողները Ա. դիցուհու արձաններն են։

Գրկ. Աբեղյան Մ., «Վիշապներ» կոչված կոթողներն իբրև Աստղիկ–Դերկետո դիցուհու արձաններ, Ե., 1941։ Կ. Մելիք–Փաշայան