Jump to content

ՀՍՀ/ԱՍՏՂԻԿ ԳԱՆԹԱՐՃՅԱՆ ԱՄՊԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՍՏՂԻԿ (Գանթարճյան Ամպեր Սահակի) (1852–1884), հայ դերասանուհի և երգչուհի (կոնտրալտո)։ Սիրանույշի քույրը։ Ծնվել է Կ. Պոլսում։ Բեմ է բարձրացել 1870–71-ի թատերաշրջանում, Հ. Վարդովյանի խմբում՝ Ներինի դերով (Մոլիերի «Պարոն դը Պուրսոնիակ»)։ 1872–78-ին խաղացել է Պ. Մաղաքյանի, Հ. Վարդովյանի դրամատիկական և Ս. Պենլյանի օպերետային խմբերում։ Ա–ին առավել հաջողվել են քմայքոտ, միամիտ ու կռվազան կանանց դերերը։ 1879-ին Սիրանույշի և Պ. Ադամյանի հետ հրավիրվել է Թիֆլիս՝ Հայոց դերասանական մշտական խումբ, ուր երկու տարվա ընթացքում խաղացել է ավելի քան 40 դեր։ Մահացել է մայիսի 1-ին, Կ. Պոլսում։ Բ. Հովակիմյան