ՀՍՀ/ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐՈՎ
ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐՈՎ Միխայիլ Իվանի (1877–1936), հայ սովետական նյարդախտաբան։ Բժշկ. գիտ. դ–ր (1908)։ Ծնվել է Դերբենդ քաղաքում (այժմ՝ Դաղստանի ԻՍՍՀ–ում)։ 1900-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին աշխատել է Ն. Ե. Վվեդենսկու ֆիզիոլոգիական լաբորատորիայում։ 1904-ին ավարտել է Ռազմա–բժշկական ակադեմիան և աշխատանքի անցել հոգեբուժության ու նյարդախտաբանության ամբիոնում։ Ա. եղել է Վարշավայի զինվորական (1912-ից) և Պետերբուրգի նիկոլաևյան զինվորական հոսպիտալների (1914-ից) կոնսուլտանտ։ 1916–36-ին ղեկավարել է Ռազմա–բժշկական ակադեմիայի նյարդային հիվանդությունների ամբիոնը։ Ա. հեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատությունների։ Գիտական գործունեության հիմնական ուղղությունը եղել է շարժողական և ռեֆլեկտոր խանգարումների մեկնաբանումը էվոլյուցիայի ուսմունքի տեսանկյունով։ Ա–ի հետազոտությունները նվիրված են զգացողության խանգարումների կենսագենետիկական անալիզներին, կեղևաընդերային փոխհարաբերության խանգարումներին։ Մահացել է մարտի 28-ին, Լենինգրադում։
Երկ. Психотерапия и психоанлиз, П., 1923; Учебник нервных болезней, М.–Л., 1939. Գրկ. Раздольский И. Я., М. И. Аствацатуров и его роль в развитии невропатологии, в кн.: Вопр. общей и клин. невропатологии, под ред. С. Н. Давиденкова, т. 2, Л., 1949.
(նկ․) Մ. Ի. Աստվածատուրով։
