ՀՍՀ/ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ
ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ, միջնադարի ճարտարապետական հուշարձան Ապարանի շրջանի Երնջատափ գյուղում, Քասաղ գետի ձախ ափին (այժմ՝ Ապարանի լճի մոտ)։ Համալիրի հնագույն կառույցը (V դ.) միանավ բազիլիկ եկեղեցին է, որն ունի պայտաձև աղեղներ և ներքին որմեասյուների հնագույն տիպի խարիսխներ ու խոյակներ։ Ծածկը փլված է։ Մյուսը՝ կաթողիկե մեծ եկեղեցին, արտաքուստ՝ ուղղանկյուն քառանկյունի, ներսից՝ խաչաձև, չորս անկյունային ավանդատներով գմբեթակիր կառույց է։ Ընդարձակ գավիթն ունի չորս սյուն և ութ որմնասյուներ, որոնց վրա կազմված է տանիքը՝ ստալակտիտավոր գմբեթով։ Հվ–արլ. անջատ սյունին կա արձանագրություն՝ «Յոհանէս… յիշեցէք….»։ Ս. Բարխուդարյանի կարծիքով Հովհաննեսը ճարտարապետն է։ Ըստ կաթողիկեի ներսի 1244 թվակիր արձանագրության, հուշարձանների մեկենասն է եղել Վաչուտյան Քուրդ իշխանը իր կնոջ Խորիշահի հետ։ Տապանատուն է փոքրիկ մատուռը (XIII դ.) իր խաչքարով։ Վանքի ավերված պարսպապատով բակում կան XII–XV դդ. խաչքարեր և տապանաքարեր։
(նկ․) Աստվածընկալ վանքի կաթողիկե եկեղեցու ընդհանուր տեսքը։
