ՀՍՀ/ԱՍՏՐԱԽԱՆ
ԱՍՏՐԱԽԱՆ (Հաշտարխան), քաղաք, ՌՍՖՍՀ Աստրախանի մարզի վարչական կենտրոնը, գետային և ծովային նավահանգիստ, երկաթուղային հանգույց։ Գտնվում է Վոլգայի դելտայի վերին մասում։ 427 հզ. բն. (1972)։ Ա. Վոլգա–Կասպիական ավազանի ձկնորսության խոշորագույն բազան և ձկնավերամշակման արդյունաբերության կենտրոնն է։ Ա–ում կան մսի կոմբինատ, կաթնամթերքների և կաշվի գործարաններ, հրուշակեղենի, մորթու–մուշտակեղենի ֆաբրիկաներ, ձկնարդյունաբերությանն ու գետային տրանսպորտին սպասարկող նավաշինարան, նավանորոգման, մեխանիկական ձեռնարկություններ, ջերմաքարշերի նորոգման գործարան, ցանցագործական ֆաբրիկա, փայտամշակման ու քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ։ Ա. ծովային և գետային նավերի փոխաբեռնման կայան է (նավթ, ձկնեղեն, անտառանյութ, կերակրի աղ, հացահատիկ)։ Ա–ի մեքենաշինությունն իր արտադրանքով գլխավորապես սպասարկում է ձկնարդյունաբերության ձեռնարկություններին և տրանսպորտին։ Այստեղ գործում են ձկնարդյունսւբերության և ձկնային տնտեսության տեխնիկական, բժշկական ու մանկավարժական ինստ–ներ, Դոնի Ռոստովի երկաթուղային ինժեներների ինստ–ի երեկոյան բաժինը, Գորկի քաղաքի ջրային տրանսպորտի ինժեներների ինստ–ի երեկոյան և հեռակա բաժինները, կոնսերվատորիա, միջնակարգ մասնագիտական 20 ուսումնական հաստատություն, երկու գիտահետազոտական ինստ., դրամատիկական, պատանի հանդիսատեսի թատրոններ, ֆիլհարմոնիա, 2 թանգարան, պատկերասրահ, հեռուստակենտրոն։
Ա. (որպես Հաջի Թարխան) հիշատակվում է XIII դարից, իբրև թաթարական քաղաք Ոսկե Հորդայի պետությունում։ Գտնվել է Վոլգայի աջ ափին, ցամաքային և ջրային առևտրական ուղիների խաչմերուկում, այժմյան Ա–ից (հիմնված 1558-ին) մոտ 12 կմ հեռու, խագարական Իթիլ քաղաքի տեղում։ 1459–1556-ին Աստրախանի թաթարական խանության կենտրոնն էր։ Ա–ում ապրում էին թաթարներ, պարսիկներ, հայեր, հրեաներ ևն։ 1556-ին Իվան IV գրավել է Ա. և դարձրել ռուսական պետության սահմանային բերդ։ XVI–XIX դդ. Ռուսաստանի և Արևելքի երկրների միջև կատարվող առևտրի հիմնական կենտրոնն էր։
Ա–ի հայ գաղութը ձևավորվել է XVII դ. սկզբին։ Ռուսաստան եկած հայ գաղթականները 1625-ին հանգրվանել են Ա–ում հիմնած հայկական իջևանատանը։ Պետրոս I և նրա հաջորդները, առևտրին և արհեստներին զարկ տալու նպատակով, հայերին արտոնագրերով հրավիրել են Ա.։ Հայ վաճառականությունը խոշոր դեր է ունեցել ռուս–իրանական և, հատկապես, Ռուսաստանի վրայով կատարվող տարանցիկ առևտրում, որի մեջ նրա առևտրական գործարքների տեսակարար կշիռը կազմել է 50%-ից ավելին։ XVIII դ. Ա. մետաքսի և բամբակի արդյունաբերության համառուսական նշանակություն ունեցող կենտրոն էր։ Ջուլհակային ձեռնարկությունների 90% պատկանում էր հայ ձեռնարկատերերին։ XVII դ. սկզբին հայերի թիվը այնտեղ եղել է մոտ 200, XVIII դ. սկզբին՝ մոտ 5000, XIX դ. վերջին՝ մոտ 7500, 1911-ին՝ մոտ 10000 մարդ։ Նրանց ճնշող մեծամասնությունը բանվորներ ու արհեստավորներ էին։ Հայերը պաշտոնապես ազատվել են հարկերից, օգտվել առևտրա–արդյունաբերական գործունեության, դավանանքի ազատության և ներքին կյանքի տնօրինման արտոնություններից։ 1746-ին նրանք կարողացել են նույնիսկ ստեղծել հայկական դատարան (Ռատհաուզ) և ղեկավարվել սեփական օրենսգրքով (տես Աստրախանի հայոց դատաստանագիրք)։ XIX ղ. սկզբից, երբ Ա. կորցրեց իր նախկին տնտեսական կարևոր դերը, ռուսական պետությունը հայերի արտոնությունները հետզհետե սահմանափակեց, այնուհետև վերացրեց։ Ա. եղել է Ռուսաստանի հայկ. թեմական կենտրոններից՝ իր թեմակալ եպիսկոպոսով կամ արքեպիսկոպոսով։ Հայերն ունեցել են չորս եկեղեցի (Ս. Աստվածածին, Ս. Պողոս–Պետրոս, Ս. Կատարինե, Ա. Գրիգոր Լուսավորիչ)։ 1795-ին արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանը Ա–ում հիմնել է հայկական տպարան։ XIX դ. սկզբին հիմնադրված հայկական դպրոցները, մասնավոր անձանց ու եկեղեցու միջոցներով, գոյատևել են մինչև XX դ. 20-ական թթ.։ Դրանցից նշանավոր են Աղաբաբյան դպրոցը (1810), Աստրախանի հոգևոր ուսումնարանը (1817, ուսուցչություն են արել Գ. Պատկանյանը և Գ. Խուբյանը), Հայոց թեմական (1838), Հայկական ծխական (1851), Հայոց իգական (1870) և այլ դպրոցները։ Ա–ում են հրատարակվել «Արևելյան ծանուցմունք» (1816), «Լրաբեր» (1908-09), «Մեր կյանքը» (1910-12), «Կարմիր բանվոր» (1919) հայկական լրագրերը։ 1918–20-ին Հայկական գործերի կոմիսարիատի Ա–ի բաժանմունքի մշակույթի բաժնին կից (վարիչ՝ Հ. Գյուլիքևխյան) գործել է գեղարվեստա-թատերական ստուդիա (ղեկ. Վ. Վարդանյան), 1925-ին՝ Հայկական թատրոն։ Ա–ի հետ են կապված XVIII – XIX դդ. հայ հասարակական, քաղաքական և մշակութային մի շարք գործիչների կյանքն ու գործունեությունը (Հովսեփ Արղության, Եփրեմ Ա Զորագեղցի, Գաբրիել Պատկանյան, Հարություն Ալամդարյան, Մարգար Խոջենցի, Նադեժդա Պապայան)։
Ա–ում պահպանվել են միջնաբերդի աշտարակն ու պատերը (1587–89), Ուսպենսկու (1698–1710) և Տրոիցկու (XVII դ. վերջ) տաճարները։
Գրկ. Յուխտ Ա., Աստրախանի հայկական գաղութի բնակչության սոցիալական կազմը 18-րդ դարի առաջին կեսում, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1957, № 7։ Հարությունյան Բ., Սովետահայ թատրոնի տարեգրություն, գիրք 1, Ե., 1961։ Սանթրոսյան Մ. Հ., Արևելահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին, Ե., 1964։ Фильгус В. Е., Астрахань (краткий исторический очерк), Астрахань, 1958; Хачатурян В. А., Адмнинстративно-правовое положение астраханских армян во второй половине XVIII века, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1963, № 12։ Նույնի, Население армянской колонии в Астрахани во второй половине XVIII в., նույն տեղում, 1965, № 67։
