ՀՍՀ/ԱՍՏՐԱԽԱՆԻ ԲԱՐԲԱՌ
ԱՍՏՐԱԽԱՆԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի ում ճյուղի բարբառ։ Պատկանում է երկաստիճան ձայնեղազուրկ խմբին (պ, փ)։ Չունի քմային ձայնավորներ, երկբարբառները պարզվել են (ծէն<ձայն, լուս<լոյս, հարուր<հարիւր)։ Ա. բ–ի բացառականը կազմվում է ից||իծ մասնիկով (տունից, կատուքից), հավասարապես գործածական են սա, տա, նա և էս, էտ, էն ցուցական դերանունները, որոնք հոլովվում են (տա, տրա, տրան…, էս, էստուր, էստուն…)։ Հարցական ո՛վ դերանունը և անորոշ դերբայը ենթարկվում են ի հոլովման (հօ՛վ, հօվի՛, հօվի՛ց…, հօ՛վեր, հօ՛վերի…, տնիլ, տնէլի)։ Օժանդակ բայի ներկայի և անցյալի ձևերն են՝ էմ, էս, ա, էնք, էք, էն, իիմ, իիր, էր, իինք, իիք, իին։ Անցյալի ձևերի առաջին դեմքն ստանում է մ (ինգնիիմ, խաղայիմ, կնայիմ, պերամ)։ Ա. բ. ուսումնասիրված չէ։
Գրկ. Աճառյան Հ., Հայ բարբառագիտություն, Մոսկվա–Նոր Նախիջևան, 1911։ Նույնի, Հայոց լեզվի պատմություն, մաս 2, Ե., 1951, էջ 333-34։
