ՀՍՀ/ԱՍՏՐԱԽԱՆԻ ՄԱՐԶ
ԱՍՏՐԱԽԱՆԻ ՄԱՐԶ, մարզ ՌՍՖՍՀ–ում, Ստորին Մերձվոլգայում։ Կազմվել է 1943-ի դեկտ. 27-ին։ Տարածությունը 44,1 հզ. կմ² է։ Բաժանվում է 10 շրջանի։ Կենտրոնը՝ Աստրախան։
Բնությունը։ Ա. մ. գրավում է մերձկասպյան դաշտավայրի մի մասը, Վոլգա–Ախտուբայի ողողատը և Վոլգայի դելտան։ Տերիտորիան հարուստ է վտակներով, լճերով և հնահուներով։ Ա. մ. գտնվում է կիսաանապատային զոնայում։ Կլիման խիստ ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը - 6,9°C, -9,7°C է, հուլիսինը՝ 24,5°C, 25,1°C։ Տարեկան տեղումները 175-ից 244 մմ է։ Այստեղով են հոսում Վոլգան և նրա բազուկ Ախտուբան։ Գետաբերանում Վոլգան բաժանվում է բազմաթիվ բազուկների՝ առաջացնելով բարդ դելտա։ Շատ են աղի լճերը, որոնցից խոշորն է Բասկունչակը։ Մարզի հս–ում տարածված են բաց շագանակագույն աղային, հվ–ում՝ գորշ, Վոլգայի դելտայում՝ ալյուվիալ հողերը։ Կենդանական աշխարհը հարուստ է (սայգա–այծեղջերու, արծիվներ, կրծողներ, սողուններ)։ Վոլգայի դելտայում է գտնվում Աստրախանի արգելավայրը։ Օգտակար հանածոներից կան կերակրի աղ, գիպս, նավթ, գազ։
Բնակչությունը։ Ա. մ–ում բնակվում է 883 հզ. մարդ (1972), ռուսներ, ղազախներ, թաթարներ, կալմիկներ, հայեր և այլք։ Քաղաքային բնակչությունը՝ 544 հզ.։ Միջին խտությունը 1 կմ² վրա՝ 20,0 մարդ։ Քաղաքները՝ Աստրախան, Ախտուբինսկ։
Տնտեսությունը։ Ա. մ–ում զարգացած է սննդի արդյունաբերությունը, աղի արդյունահանումը (ՍՍՀՄ–ում արդյունահանվող աղի 1/3), մեքենաշինությունը, փայտամշակման ու ցելյուլոզայի–թղթի արդյունաբերությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը, բրդատու ոչխարաբուծությունը և մսա–կաթնային անասնապահությունը։ Ա. մ. աշխարհում առաջին տեղն է գրավում թառափի որսով։ Կան նավաշինարան, նավանորոգման, ձկնապահածոյա–սառնարանային, ձկնարդյունաբերությանն ու ջրային տրանսպորտին սպասարկող, ջերմաքարշերի վերանորոգման, շինանյութերի արդյունաբերության ձեռնարկություններ, ՊՇԷԿ։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղն է նրբագեղմ ոչխարաբուծությունը։ 1969-ին Ա. մ–ում կար 1,6 մլն. գլուխ ոչխար, 367 հզ. գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Վարելահողը կազմում է հողատարածության 9,3% (1968)։ Ոչ ոռոգովի հողատարածություններում մշակում են հացահատիկ, ոռոգովի հողատարածություններում՝ բրինձ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաներ։ Հացահատիկը զբաղեցնում է ցանքատարածությունների 48%։ Զարգացած է ծովային ե գետային տրանսպորտը։ Երկաթուղիների երկարությունը 541 կմ է։ Ա. մ–ում գործում են 3 բարձրագույն և 20 միջնակարգ մասնագիտական հաստատություններ, կոնսերվատորիա, երկու թատրոն, 395 մասսայական գրադարան, 423 ակումբ, 451 կինո։
Գրկ. Поволжье, М., ; Народное хозяйство Астраханской области за 50 лет. Статистический сб. Волгоград, 1967.
