ՀՍՀ/ԱՎԱԶԱՄԿՆԵՐ
ԱՎԱԶԱՄԿՆԵՐ (Gerbillinae), կաթնասունների տիպի կրծողների կարգի ենթաընտանիք։ Արտաքինից նման են առնետներին, սակայն Ա–ի պոչը ծածկված է խիտ մազերով, որոնք ծայրում ավելի երկարելով կազմում են վրձին։ Մարմինը մեջքից և կողքերց դեղնա–ավազագույն կամ դարչնագույն է, փորը՝ սպիտակ։ Հետին վերջույթներն ավելի երկար են, քան առջևինները։ Որոշ Ա. շարժվում են ցատկելով։ Տարածված են Հարավ–արևելյան Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում։ Հայտնի է Ա–ի 12 տեսակ, որից 4-ը (պարսկական, վինոգրադովի, կեսօրյա և փոքր ասիական) ՀՍՍՀ–ում (Արարատյան հարթավայրում, Մեղրիի, Ազիզբեկովի, Ղափանի, Իջևանի շրջաններում)։ Ապրում են անապատներում, կիսաանապատներում, տափաստաններում։ Սնվում են հիմնականում բուսական կերերով։ Վնասատու են, փչացնում են ցանքերը, երկաթուղիների և ոռոգիչ ջրամբարների հողաթմբերը, տարածում որոշ վարակիչ հիվանդություններ։
