Jump to content

ՀՍՀ/ԱՎԱԶԱՅԻՆ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՎԱԶԱՅԻՆ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ (Great Sandy Desert), Ավստրալիայի Արևմտյան սարավանդի անապատներից մեկը, Ֆիցրոյ գետի հովտի և Հարավային արևադարձի միջև։ Տարած. 360 հզ. կմ² է, միջին բարձր․ հվ–ում՝ 700–500 մ, հս–ում՝ 300 մ։ Գերակշռող կավա–աղուտային հարթավայրերը բաժանված են 10–12 մ բարձրության ավազաթմբերով։ Ավստրալիայի ամենաշոգ վայրերից է, ամռան (դեկտ.–փետր.) միջին ջերմաստիճանը 35°C է. ձմռանը՝ 20°C–ից 15°C։ Տեղումները (200-450 մմ) անկանոն են, երաշտները՝ հաճախակի, գոլորշիացումը՝ չափազանց մեծ։ Արմատական ապարների մերկացման վայրերում կան բնական ջրավազաններ և աղբյուրներ։ Մեծ լիճը Մակկոյն է։ Հիմնականում տիրապետում են ճմային հացազզիները։ Ավազները ամրացված են սպինիֆիքսով, տեղ–տեղ աճում են ակացիաներ, ցածրահասակ էվկալիպտներ։ Թույլ է ուսումնասիրված, չունի մշտական բնակչություն։