ՀՍՀ/ԱՎԱՆՑ
ԱՎԱՆՑ, Ավանս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վան քաղաքից մոտ 4–5 կմ հյուսիս–արևմուտք, լճափին։ Հիշատակվում է IV դարից, երբեմն՝ իբրև գյուղ, երբեմն՝ ավան, երբեմն էլ՝ իբրև գյուղաքաղաք կամ ուղղակի՝ քաղաք։ XX դ. սկզբին ուներ մոտ 300 տուն՝ ավելի քան 1600 բնակիչներով։ Զբաղվում էին այգեգործությամբ, բորակի հանույթով (Վանա լճից), օճառագործությամբ, ձկնորսությամբ, նավաշինությամբ ու նավավարությամբ։ Ա. ծառայում էր իբրև նավահանգիստ Վան քաղաքի համար։ Գյուղում կար եկեղեցի (Ա. Հովհաննես) և ուսամնարան։ Հին Ա. լճի մակարդակի բարձրացման հետևանքով մնացել է լճի տակ։ Ա–ի համար աղետաբեր են եղել լճի՝ 1810-ի ուժեղ ալեկոծությունները, երբ ավերվել է ամբողջ գյուղը, նույնիսկ՝ եկեղեցին։ Ա. նորից վերաշինվել է ավելի բարձր դիրք ունեցող մասերում։ Ա. ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասը ապաստանել Արևելյան Հայաստանում։ Այժմ Ա. վերանվանված է Իսքելեքյոյ։
