Jump to content

ՀՍՀ/ԱՎԱՆ ՅՈՒԶԲԱՇԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՎԱՆ ՅՈՒԶԲԱՇԻ (մոտ 1670-1735), XVIII դարի առաջին քառորդի ազատագրական շարժումների ղեկավար գործիչ Ղարաբաղում։ XVIII դ. սկզբին պարսկական բռնատիրությունը, սոցիալական և ազգային ճնշման ուժեղացումը հայ ժողովրդական զանգվածներին մղեցին զինված ինքնապաշտպանության։ Պարսկաստանում սկսված հուզումները, հատկապես՝ աֆղանական ապստամբությունը և Սեֆևյանների հզորության թուլացումը ստեղծել էին նպաստավոր իրադրություն ազատագրական շարժումների համար Անդրկովկասում։ Հայերին առանձնապես ոգևորում էր Պետրոս I Պարսկական արշավանքը։ Ա. Ցոլ. 1717-ին հարազատների հետ Լոռուց տեղափոխվել է Վարանդա, հաստատվել Շոշ գյուղում, ամրացրել այն և դարձրել ռազմական հենարան։ Ա. Յու. այդտեղ կազմակերպել է զորախումբ, դարձել նրա «Յուզբաշին» (հարյուրապետը)։ 1722-ին ղեկավարել է Պետրոս Մեծին դիմավորելու նպատակով Գանձակում հավաքված հայկական զորախմբերից մեկը։ 1724–28-ի մարտերում գլխավորել է Ղարաբաղի հինգ մելիքությունների ռազմական ուժերը և եռանդուն ջանքեր գործադրել ռուսների օգնությամբ Հայաստանը ազատագրելու համար։ Դավիթ Բեկին օգնելու նպատակով, 1724-ի գարնանը, Ա. Յու. զորախմբով անցել է Ղափան և կռվել պարսկական դրածո խաների դեմ։ Ա. Յու. իրեն որպես քաջ զորավար է դրսևորել թուրքական զորքերի դեմ հայերի մղած 1725–28-ի մարտերում։ Նույն ժամանակ նա պարսից շահից ստացել է խանի և սպասալարի տիտղոսներ։ 1728-ին Ա. Յու. իր եղբոր՝ Թարխանի հետ, ռուսական հրամանատարությունից օգնություն ստանալու հույսով, գնացել է Բաքու։ 1729-ին տեղափոխվել է ռուսական տիրա– պետության տակ գտնվող Մերձկասպյան շրջանները, ծառայել Հայկական էսկադրոնում։ 1734-ին ռուսական կառավարությունը Հյուսիսային Կովկասում, իբրև կալվածք, Ա. Յու-ին նվիրել է Ղարաբաղից գաղթած հայերով բնակեցված ինը գյուղ։ Ա. Յու. հետագայում էլ շարունակել է օգնության համար դիմել ռուսական հրամանատարությանը՝ պարսկա–թուրքական արյունոտ լծից ազատելու հայ ժողովրդին։ Ա. Ցոլ. հայտնի էր նաև իր բարեգործություններով։ Նա շատ հայերի ու վրացիների է ազատել պարսկական գերությունից։

Հայկական պատմագրության մեջ Ա. Յու–ին շփոթել են Եգան Յուզբաշու հետ (Րաֆֆի, Լեո, Լ. Տեր–Մկրտչյան և ուրիշներ), և այստեղից էլ ստեղծվել է այն թյուր կարծիքը, թե, իբր, Նադիր Շահը 1733-ին պարգևատրել է Ա. Յու–ին, այնինչ նա ոչ մի առնչություն չի ունեցել Նադիր Շահի հետ։

Գրկ. Աբրահամյան Ա. Գ., Մի էջ Անդրկովկասի ժողովուրդների և հայ–ռուսական հարաբերությունների պատմությունից, Ե., 1953։ Эзов Г. А., Сношения Петра Великого с армянским народом, СПБ, 1898; Арутюнян П. Т., Освободительное движение армянского народа в первой четверти XVIII в., М., 1954. Ա. Աբրահամյան