Jump to content

ՀՍՀ/ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 451, տեղի է ունեցել մայիսի 26-ին, Ավարայր գյուղի մոտ, ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև։ Ա. ճ. 450–451-ին, Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարի բարձրակետն էր (տես Վարդանանց պատերազմ)։ 451-ի գարնանը պարսկ. բանակը (մոտ 80–90 հզ. մարդ և 12–13 մարտական փիղ), Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ, Փայտակարանից Թավրիզի վրայով շարժվելով, սահմանամերձ Հեր–Զարևանդ գավառով մտնում է Մարզպանական Հայաստան։ Պարսկ. զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն Արտաշատը, կենսագործել Սասանյան արքա Հազկերտ Երկրորդի՝ հայերի ներքին ինքնավարության ոչնչացման և դավանափոխության ծրագիրը։ Ապստամբության առաջնորդ Վարդան Մամիկոնյանը հայկական կանոնավոր և աշխարհազորային ուժերը (մոտ 66 հզ. մարդ) վաղօրոք (ապրիլի վերջերին) կենտրոնացրել էր Արտազ գավառի հարավում։ Պարսիկները, իրազեկ լինելով նրանց տեղադրությանը, բանակում են Տղմուտ գետի աջ ափին, Ավարայր գյուղի մոտ։ Մայիսի 25-ին հայկական բանակը մոտենում է հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առնում գետի ձախ ափին։ Հայկական զորքերի հրամանատարության նպատակն էր՝ ճակատամարտել պարսկական բանակի դեմ, վճռական հարձակումով թուլացնել նրան, միևնույն ժամանակ խնայելով սեփական ուժերը՝ նահանջել երկրի դժվարառու տեղանքը և շարունակել պայքարը։ Մայիսի 26-ի շաբաթ առավոտյան Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունում են մարտական դրություն։ Սպարապետ Վարդան Մամիկոնյանը բանակի աջ թևը հանձնում է նախարար Խորեն Խորխոռունուն, ձախը՝ Թաթուլ Վանանդեցի նախարարին, կենտրոնը՝ Ներշապուհ Արծրունուն, պահեստազորը՝ Արշավիր Կամսարականին ու Համազասպ Մամիկոնյանին։ Ճակատամարտն սկսվում է նետաձգությամբ, նիզականետությամբ և փոխադարձ գրոհով։ Հասնելով գետին՝ պարսիկները կանգ են առնում, իսկ հայերը անցնում են այն և ամբողջ ճակատով մարտի բռնվում։ Հայկական այրուձին, հարձակվելով հակառակորդի թևերի վրա, խրվում է նրա մարտակարգի մեջ։ Հայերի ճնշմամբ թշնամու բանակի ձախ թևն ու կենտրոնը նահանջում են։ Մինչդեռ նրա աջ թևում կռվող ցեղերի՝ ապարհացիների, կատիշների, հոների և գեղերի գնդերը ընկճում են Թաթուլ Վանանդեցու զորամասին։ Վարդան Մամիկոնյանը պահեստազորի մի մասը Արշավիր Կամսարականի գլխավորությամբ նետում է կենտրոն՝ այնտեղ ճնշումը ուժեղացնելու համար, մնացած մասով օգնության է շտապում ընկրկող ձախ թևին և ետ շպրտում թշնամուն։ Զարգացնելով գրոհը՝ Վարդան Մամիկոնյանը շրջանցում է պարսիկների կենտրոնական զորամասերին, կռվի բռնվում նրանց պահեստազորի հետ և խուճապի մատնում նրան։ Բայց հակառակորդի պահեստազորը՝ «Մատյան գունդը» և նահանջող աջ թևը, վերադասավորվելով, շրջապատում են իրենց թիկունքը թափանցած հայկական հեծելագնդին։ Անհավասար մարտում հերոսաբար զոհվում է նաև Վարդան Մամիկոնյանը։ Ճակատամարտը շարունակվում է մինչև օրվա վերջը։ Հայկական զորքերը, կատարելով իրենց մարտական առաջադրանքը, երեկոյան քաշվում են Տղմուտի ձախ ափը և նահանջում երկրի խորքը՝ պայքարը շարունակելու նպատակով։ Ա. ճ–ում հայերից սպանվում է 1036, իսկ պարսիկներից՝ ավելի քան 3500 մարդ։ Վիրավորվածների հետ մեկտեղ պարսիկների կորուստը կազմում էր բանակի մոտ 20%, իսկ հայերինը՝ 8%-ից ոչ ավելի։ Ա. ճ. կանխորոշեց հայ ժողովրդի պայքարի ելքը։ Պարսկական արքունիքը ստիպված եղավ Մարզպանական Հայաստանից շուտով ետ կանչել իր զորքերին, հրաժարվել հավատափոխության միջոցով հայերին ձուլելու ծրագրից և ճաևաչել նրանց ներքին ինքնավարությունը։ Վարդանանց պատերազմի ականատես պատմիչը՝ Եղիշեն, վկայում է, որ Հազկերտ II հայտարարեց, «թե ապստամբությունը ներված է, և կրկին իրավունք է շնորհված եկեղեցիները շինելու, և բոլոր կարգերը դարձյալ նորոգելու առաջվա սովորության համաձայն…, որովհետև նրա զորությունը շատ կոտրվեց…»։ Ա. ճ–ում զոհված հայ մարտիկները դասվել են «հայրենիքի նահատակների» շարքը և նրանց հիշատակի օրը մտել է հայկական ամենամյա տոների մեջ (տես Վարդանանց տոն)։ Ա. ճ. իր գեղարվեստական արտացոլումն է գտել Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում։

Գրկ. Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, Ե., 1971։ Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904։ Еремян С. Т., Народно-освободительная борьба армян против персов в 450-451 гг., «Вестник древней истории, 1951, № 4. Հ. Աղաբեկյան