ՀՍՀ/ԱՎԳԵՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՎԳԵՐՅԱՆ Հարություն Հայրապետի (1774–1854), հայ լեզվաբան, բառարանագիր, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Ծնվել է հունիսին, Անկյուրայում։ 1786-ին գնացել է Ս. Ղազար կղզի, գրեթե ամբողջ կյանքն անցկացրել այնտեղ։ Եղել է Ջ. Բայրոնի հայերենի ուսուցիչը։ Տիրապետել է հունարենին, լատիներենին, եբրայերենին, իտալերենին, ֆրանսերենին, անգլերենին, հունգարերենին, գերմաներենին և թուրքերենին։ Ա–ի լեզվագիտական կարողությունները լիարժեք կերպով դրսևորվել են բառարանագրության բնագավառում։ Նա կազմել է ֆրանսերեն–հայերեն («Բառարան համառօտ ի գաղղիականէ ի հայ», 1812), հայերեն–ֆրանսերեն–թուրքերեն («Բառգիրք ի գաղղիականէ ի հայ և ի տաճիկ բարբառս», 1840), անգլերեն–հայերեն («Բառարան անգղիերէն և հայերէն», 1821), հայերեն–անգլերեն («Բառարան հայերէն և անգղիական», 1825) բառարանները, ձգտել հայերին հաղորդակից դարձնել Եվրոպայում գիտության նվաճումներին, օտարներին սովորեցնել հայերեն։ Լեզվաբանական տեսակետից Ա–ի ամենաարժեքավոր գործը «Բացատրութիւն չափուց և կշռոց նախնեաց, առաջնորդութեամբ Եպիփանու, Խորենացւոյ և Շիրակացւոյ» (1821) աշխատությունն է, ուր ամփոփելով Եպիփանես Կիպրացու (IV դ.), Մովսես Խորենացու և Անանիա Շիրակացու աշխատանքները, պարզել է, որ Շիրակացին օգտվել է առաջին երկուսից, տվել է նախնիների չափերի ու կշիռների բացատրությունը։ Ժամանակի չափ ու կշռի միավորների ֆրանսերեն անվանումները տրված են հայերեն, իսկ հայերենները՝ թուրքերեն համարժեքներով։ Աշխատության մեջ ստուգաբանված են պարսկերենից, հունարենից և այլ լեզուներից փոխառված 124 բառ։ Ա., Ջ. Բայրոնի հետ, կազմել և հրատարակել է անգլերեն–հայերեն (1817), հայերեն–անգլերեն (1819) քերականության ձեռնարկներ։ Հայտնի է եղել նաև որպես հմուտ թարգմանիչ. առաջին անգամ հայերենի (գրաբար) է թարգմանել Ջ. Միլտոնի «Դրախտ կորուսեալ»–ը (1824), իտալերեն՝ Ներսես Լամբրոնացու «Ատենաբանութիւն»–ը (1812), Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»–ը (1823) ևն։ Ձեռագիր վիճակում թողել է գերմաներեն–հայերեն և հունարեն–հայերեն բառարաններ։ Մահացել է նոյեմբ. 24-ին, Վենետիկում։
Երկ. Համառօտ նկարագիր Մխիթարեան միաբանութեան, Վնտ., 1819։ Դաւանութիւն եկեղեցւոյն Հայաստանեայց, Վնտ., 1845։
Գրկ. Հանգիստ հավիտենից տյառն հ. Հարություն Ավգեր վարդապետի Մխիթարյան ուխտեն, «Բազմավեպ», 1854, № Տ23։ Մխիթարյան հոբելյան, Վնտ., 1901, էջ 108–13։ Աղայան Է., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1, Ե., 1958, էջ 139-42։
