ՀՍՀ/ԱՎԴԱԼԲԵԳՅԱՆ ԹԱԴԵՎՈՍ
ԱՎԴԱԼԲԵԳՅԱՆ Թադևոս Հայրապետի (1885–1937), հայ սովետական տնտեսագետ, հայագետ, հրապարակախոս, գրականագետ, պատմաբան և բառարանագետ։ Ծնվել է հոկտեմբերի 3(15)–ին, Իրանի Մակու քաղաքում, դարբնի ընտանիքում։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1907)։ Առաջադիմական հայացքներ պրոպագանդելու համար եղել է քաղաքական վտարանդի Եվրոպայում (1913–1917)։ Հայաստանում սովետական իշխանության հաստատումից հետո Երևանի պետական համալսարանում դասավանդել է հայ հասարակական մտքի պատմություն և տնտ. զարգացման պատմություն։ Հեղինակ է արժեքավոր բազմաթիվ հետազոտությունների, որտեղ գիտականորեն մեկնաբանված են տնտեսագիտության, Հայաստանի տնտեսական զարգացման, հայ հասարակական հոսանքների ձևավորման, հայ գրականության և պատմության էական հարցեր։ «Կարլ Մարքսի տնտեսական զարգացման թեորիան» (1925) աշխատության մեջ Ա. այն միտքն է զարգացնում, որ ասիական արտադրաեղանակը նշանավորում է հասարակական ուրույն տնտեսակարգ, և որ արժեքի կատեգորիան հատուկ է ոչ միայն կապիտալիստ., այլև նախակապիտալիստ. հասարակարգերին։ 1928–31-ին հրատարակված իր գրքույկներում Ա. հանգամանորեն ու յուրովի արծարծեց պարզ և ընդլայնված վերարտադրությունների տակավին չլուծված հարցերը՝ միաժամանակ հակադրվելով Ռ. Լյուքսեմբուրգի՝ վերարտադրության մարքսյան տեսության վերանայման փորձերին։
Հայաստանի նյութական կուլտուրայի ու տնտեսական զարգացման պատմությանը նվիրված իր աշխատություններում Ա. նոր լույս է սփռում քննարկվող հարցերի վրա, ինչպիսիք են բահրան ու մյուլքը XIV–XVIII դդ. Հայաստանում, հայ շինականի վարձատրությունը V դ., հայ վիմագրերը։ «Հաս, սակ ու բաժ» (1926) ուսումնասիրությամբ Ա. պարզեց այդ հասկացությունների գիտական որոշակի նշանակությունը։ Ա. գեղագիտական ճիշտ մեկնակետից է վերլուծել Խ. Աբովյանի, Մ. Նալբանդյանի, Ա. Շիրվանզադեի, Մուրացանի, Հ. Թումանյանի, Հ. Հովհաննիսյանի ստեղծագործությունների հասարակական արժեքը։ Պատմագետ Ա. լուրջ ուշադրություն է դարձրել հայ հասարակական գաղափարախոսությունների զարգացման, ազատագրական շարժման և այլ հարցերին։ «Արսեն Թոխմախյան» (1926) գրքույկում Ա. օբյեկտիվորեն բացահայտեց հայ ազատագրական շարժման հասունացած ներհակությունները՝ դրվատելով նրա դեմոկրատական փաղանգի ճիշտ տակտիկան։ Նա նշել է, որ Մ. Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ»–ից են ընձյուղում հայ նոր գրականության ազգայնական երկերը։ Ըստ Ա–ի, այդ գիրքը և Շ. Շահամիրյանի «Որոգայթ փառաց»–ը արտահայտում են Հայաստանում բուրժուա–դեմոկրատական կարգեր հաստատելու ձգտումներ։
Մեծ է Ա–ի դերը հայ բառարանագրության բնագավառում։ Նա «Ռուս–հայերեն նոր բառարան»–ի (հ. 1–2, 1933–35) հեղինակներից է, հեղինակը «Ռուս–հայերեն տնտեսագիտական տերմինների բառարան»–ի (1964), որն ամփոփում է տնտեսագիտությանն ու դրան անմիջապես առնչվող գիտություններին վերաբերող բառերն ու տերմինաբանությունը։ Ա. գերմաներենից թարգմանել է Կ. Մարքսի «Կապիտալ»–ի 1-ին հատորը (հրտ. 1933)։ Մահացել է հունվ. 26-ին։
Երկ. հայագիտական հետազոտություններ, Ե. 1969։
