ՀՍՀ/ԱՎԵՏԻՍՅԱՆ ՄԻՆԱՍ
ԱՎԵՏԻՍՅԱՆ Մինաս Կարապետի (ծն. 1928), հայ սովետ, նկարիչ։ ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ Ծնվել է հուլիսի 20-ին, Ախուրյանի շրջանի Ջաջուռ գյուղում։ 1952–54-ին սովորել է Երևանի գեղարվեստա–թատերական, 1954–60-ին՝ Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվ. գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստ–ներում։ Ա. բազմաժանր գեղանկարիչ է։ Նրա ինքնատիպ արվեստին բնորոշ է վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատուկ գծերի գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը։ Հանրահայտ են «Տարվա եղանակները» (1961–63) և «Ջաջուռ» (1960) նկարաշարքերը, «Իմ ծնողները» (1962), «Հանդիպում» (1965), «Հորս դիմանկարը» (1965), «Շեմին» (1967), ինքնադիմանկարների շարք (1962–69) ևն։ Ա. նաև բեմանկարիչ է։ Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ձևավորել է Երեք բալետ–նովել (Ռոսսինիի «Տիկնիկների աշխարհում», Ռավելի «Իսպանացի աղջիկը. բոլերո», Գերշվինի «Նեգրական թաղամաս», 1962), Պրոկոֆևի «Մոխրոտը» (1963), Է. Հովհաննիսյանի «Անտունի» (1969) բալետները, Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» (1971) օպերան և այլ բեմադրություններ։ 1956-ից մասնակցում է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Վիլնյուսում (1970)։
Գրկ. Игитян Г., Минас Аветисян, М., 1970։
