ՀՍՀ/ԱՎԵՏԻՍՅԱՆ ՕՆՆԻԿ
ԱՎԵՏԻՍՅԱՆ Օննիկ Հակոբի (ծն. 1898), հայ նկարիչ, արվեստաբան, մանկավարժ։ Ծնվել է նոյեմբերի 20-ին, Բրուսայում (Թուրքիա)։ Միջնակարգ կրթությունն ստացել է Կ. Պոլսում։ 1921–27-ին հետևել է Վիեննայի «Գրաֆիկ արվեստի դպրոցի» նկարչության և քանդակագործության դասընթացներին։ 1927-ին ավարտել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիան։ Նկարչության է դասավանդել Կահիրեի Նուպարյան ազգային և Պերպերյան վարժարաններում (1929–34), Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում (1936–41)։ Ստեղծագործության առաջին շրջանում առավելապես զբաղվել է օֆորտով («Հալեպ», «Ավերված դամբարան»), 1936-ից՝ նաև գեղանկարչությամբ։ Ա–ի «Մկրտություն» (1942, Երուսաղեմի հայոց պատրիարքարան), «Սուգ» (1945, Կահիրեի պետական արդիական թանգարան), «Ասուան» (1946, Վենետիկի Մխիթարյան վանքի պատկերասրահ), «Եղերամայրեր» (1946, Հայաստանի պետական պատկերասրահ), «Լոգանքից հետո» (1952, Ալեքսանդրիայի գեղարվեստի թանգարան), «Անթիլիաս» (1956, Հայաստանի պետական պատկերասրահ), «Աքսորյալներ» (1963, Անթիլիասի կաթողիկոսարան) գեղանկարչական աշխատանքներն աչքի են ընկնում գունային հնչեղ ընդհանրացված ձևերի տրամաբանված տեղաբաշխումով, կոմպոզիցիոն ամուր կառուցվածքով։ 1965–67-ին կատարել է նկարներ Բեյրութի Ս. Նշան տաճարի համար։ 1923-ից Ա–ի գործերը ցուցադրվել են վիեննայի, Կահիրեի, Ալեքսանդրիայի, Լոս Անջելեսի և այլ միջազգային, Բուխարեստի հայկական արվեստի (1931), Եգիպտոսի հայ նկարիչների (1945, 1953) ցուցահանդեսներում, շահել մրցանակներ։ Զբաղվել է հայկական տպագրական տառերի բարելավմամբ, հրատարակել «Փորձ մը հայ տպագրական տառերու բարեփոխության և արդիականացման» գիրքը (1946), մասնակցել նույն նպատակով ՀՍՍՀ–ում հայտարարված մրցույթին և արժանացել խրախուսական մրցանակի։ Ա. 1959-ին Կահիրեում ֆրանսերենով լույս է ընծայել «Հայ նկարիչներ և քանդակագործներ» արժեքավոր աշխատությունը։
Երկ. Pentres et sculpteurs arméniens, Le Caire, 1959.
Գրկ. Խաչատրյան Շ., Հայրենիքից հեռու, հայրենիքով լեցուն, «Սովետական Հայաստան», 1965, № 7։
(նկ․) Ավետիք։ «Հոգեգալուստ» (մանրանկար Սմբատ Գունդստաբլի ավետարանից)։
