ՀՍՀ/ԱՎԵՏԻՔ ԵՎԴՈԿԱՑԻ
ԱՎԵՏԻՔ ԵՎԴՈԿԱՑԻ, Ավետիք Թոխաթցի, Ավետիք պատրիարք (1657–1711), հայ գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ։ Ծնվել է ապրիլի 1-ին։ Եղել է Կ. Պոլսի և Երուսաղեմի պատրիարք (1702-ից)։ Հակակաթոլիկական գործունեության համար աքսորվել է Ասորիք (1703), ազատվել և վերականգնվել պաշտոնում (1704–06)։ Այնուհետև աքսորվել է Ֆրանսիա (1706), բանտում ստիպված ընդունել է կաթոլիկական դավանանք, ազատվել (1710) և նշանակվել քահանա Փարիզի եկեղեցիներից մեկում։ Զբաղվել է գրչությամբ, ընդօրինակել հայերեն ձեռագրեր։ Պատմական արժեքավոր սկզբնաղբյուր է նրա «Ինքնակենսագրություն» (1709, հրատարակվել է «Մասիս»–ում, 1874-ին), որի լեզուն յուրօրինակ խառնուրդ է գրաբարի և խոսակցական աշխարհաբարի։ Ա. Ե. գրել է նաև տաղեր։ Քնարական ջերմ շնչով է գրված նրա «Ահա եղև օրհնեալ գարուն» սկզբնատողով տաղը («Բազմավեպ», 1873, էջ 333)։ Վախճանվել է հուլիսի 10-ին, Փարիզում։
Գրկ. Տաշյան Հ., Ցուցակ հայերեն ձեռագրաց…, Վնն., 1895։, «Բանասեր», 1900, հ. 2, պր. 2, էջ 141–46։ Ալպոյաճյան Ա., Պատմություն Եվդոկիո հայոց, Կահիրե, 1952։
