Jump to content

ՀՍՀ/ԱՎԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՎԵՏՅԱՆ Գրիգոր Կարապետի (1870–1946), հայ դերասան։ ՀՍՍՀ ժող. արտիստ (1935)։ Ծնվել է հունվարի 8(20)–ին, Ռեշտ քաղաքում (Իրան)։ Սովորել է Բաքվի ռեալական ուսումնարանում։ Բեմական գործունեությունը սկսել է Բաքվում՝ 1888-ին։ 1889-ին եղել է Մոսկվայում, ուր դիտել է նշանավոր դերասանների խաղը։ 1890-ին վերադարձել է Կովկաս և մինչև 1923 հանդես եկել Բաքվում, Թիֆլիսում, Մոսկվայում, Բսւթումում. Թեհրանում, Երևանում, Ղարսում, Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Միջին Ասիայի, Բուլղարիայի, Ռումինիայի քաղաքներում և այլուր։ Գրել է «Քառասուն և հինգ տարի հայ բեմի վրա» (1933) հուշերի գիրքը, ուր տվել է իր բեմական գործունեության պատմությունը։ Եղել է թատերախմբերի ղեկավար և կազմակերպիչ, ռեժիսոր–դերուսայց, բազմաթիվ պիեսների թարգմանիչ։ Կատարել է գլխավորապես կատակերգական դերեր։ Նրա դերասանական արվեստն աչքի է ընկել կյանքի ճանաչողությամբ, սոցիալական տարբեր խավերի, տիպերի ու կենցաղի իմացությամբ։ Ա–ի կատակերգական արվեստը առանձին ուժ ու փայլ է ստացել այն դերերում, ուր երգիծանքը միախառնվում է դրամատիկական գույներին և ապրումներին։ Դեռևս նախահեղափոխական հայ թատրոնում նա հայտնի է եղել իբրև Պոլոնիուսի (Շեքսպիրի «Համլետ»), Ֆիգարոյի (Բոմարշեի «Սևիլյան սափրիչ»), Սգանարելի (Մոլիերի «Դոն-Ժուան»), Լուկայի (Գորկու «Հատակում») և այլ դերերի հմուտ անձնավորող։ Ռեալիստական խաղաոճ, նուրբ, չպարտադրող հումոր, խոսքի բնական հնչերանգ, նախատիպին հարազատ դերապատկեր, բեմական բնավորություն ստեղծելու վարպետություն՝ իր արվեստի այս հատկանիշներով Ա. տեղ գտավ նաև հայ սովետական թատրոնում՝ դառնալով անցյալի ռեալիստական ավանդները նոր թատրոնին կապող օղակներից մեկը։ Նրա լավագույն դերերը աչքի են ընկել կերպարի բնավորության, հոգեբանության և սոցիալական միջավայրի ստույգ զգացողությամբ։ 1924-ից մինչև մահն աշխատել է Երևանի Առաջին պետթատրոնում (այժմ՝ Սունդուկյանի անվ. թատրոն)։ Իր երկարամյա ստեղծագործական կյանքի ընթացքում (58 տարի) խաղացել է շուրջ ութ հարյուր դեր։ Սունդուկյանի անվան թատրոնում կատարել է մոտ 60 դեր, այդ թվում՝ Ուլեյգա (Շչեգլովի «Բուք», 1927), Գորնոստաև (Տրենյովի «Լյուբով Յարովայա». 1927), Վուվունիկյան (Դեմիրճյանի «Նապոլեոն Կորկոտյան», 1934), Բուբլիկ (Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», 1935) ևն։ Ստեղծագործական կյանքի տարբեր տարիներին Ա. մեծ վարպետությամբ խաղացել է դերեր, որ կապվել են իր անվան հետ։ Այդ դերերից են Գիքոն (Սունդուկյանի «Պեպո») և Սաղաթելը (Շիրվանզադեի «Պատվի համար»):

Ա. նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում («Զանգեզուր», «Լեռնային արշավ», «Պեպո», «Դավիթ Բեկ» են)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է մայիսի 15-ին, Երևանում։

Երկ. Քառասուն և հինգ տարի հայ բեմի վրա, Ե., 1933։

Գրկ. Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե., 1967։ Լ. Հախվերդյան