ՀՍՀ/ԱՎԻԱՄՈԴԵԼԻԶՄ
ԱՎԻԱՄՈԴԵԼԻԶՄ, թռչող ապարատների, այդ թվում և հրթիռների մոդելների նախագծումն ու կառուցումը տեխնիկական կամ սպորտային նպատակներով։ Տեխնիկական Ա. հնարավորություն է տալիս թռչող ապարատների ստեղծման գիտատեխնիկական փորձարկման ժամանակ լուծել ինքնուրույն խնդիրներ։ Դրանով է բացատրվում Ա–ի կիրառական մեծ նշանա– կությունը։ Դեռ Լեոնարդո դա Վինչին թողել է մկանային ուժով գործի դրվող թռչող ապարատների, մեխանիկական հաղորդակով ուղղաթիռի մոդելների էսքիզներ։ 1754-ին Մ. Վ. Լոմոնոսովը կառուցել է առաջին ավիամոդելներից մեկը՝ «աերոդինամիկ մեքենան»՝ ուղղաթիռի նախատիպը։ Ավիամոդելների օգտագործումը օգնել է Ն. Ե. Ժուկովսկուն հայտնագործելու մարմինների շարժման օրենքները օդում։ ժամանակակից Ա. կարևոր միջոց է ինքնաթիռների նախագծման համար։ Ինքնաթիռի առաջին փորձնական նմուշը կառուցելիս հարկավոր է իմանալ ապագա ինքնաթիռի մոդելի աերոդինամիկ, ամրության և այլ բնութագրերը աերոդինամիկ խողովակում։ Սպորտային Ա. տեխնիկական սպորտի ամենամասսայական ձևերից է։ ՍՍՀՄ–ում սպորտային Ա–ի հիմքը դրվել է 1923-ի ամռանը՝ «Օդային Կարմիր նավատորմի շաբաթ»–ով։ ՍՍՀՄ–ում թռչող մոդելների համամիութենական առաջին մրցումներին (1926) մասնակցել են 70 մարզիկներ, իսկ ավիամոդելային սպորտի ՍՍՀՍ 36-րդ առաջնությանը (1967)՝ 500 մարզիկներ։ Ավիամոդելային սպորտը ԱՍՀՄ–ում լայն թափ է ստացել 1931-ից, երբ օդային նավատորմի շեֆությունը ՀամԼԿԵՄ վերցրեց իր վրա։ ՍՍՀՄ–ում ընդունված են սպորտային մոդելների 9 հիմնական դաս՝ ազատ–թռիչքային սավառնակներ, ինքնաթիռ՝ ռետինե շարժիչով, ինքնաթիռ՝ մխոցային շարժիչով, ռադիողեկավարվող ինքնաթիռ կամ սավառնակ՝ մխոցային շարժիչով և կորդային (վերջինս բաժանվում է՝ արագաթռիչք, ինքնաթիռը ղեկավարելու հմտության, մրցարշավային, «օդային կռվի» և ինքնաթիռի պատճեն–մոդելների)։ Սպորտային Ա. ՍՍՀՄ–ում կազմակերպում է ԴՕՍԱԱՖ–ը՝ համագործակցելով ՀամԼԿԵՍ–ի և ժողկրթության մարմինների հետ։ Դպրոցներում, պիոներական պալատներում գործում են սպորտային Ա–ի ակումբներ և խմբակներ։ Ավիամոդելային սպորտը ղեկավարում են՝ ՍՍՀՄ ԴՕՍԱԱՖ–ի սպորտային Ա–ի Կենտրոնական ակումբը և ՍՍՀՄ Ավիամոդելային սպորտի ֆեդերացիան։ ԴՕՍԱԱՖ–ը հրատարակում է «Կռիլյա ռոդինի» («Крылья Родины», 1950-ից) և գիտատեխնիկական «Մոդելիստ–կոնստրուկտոր» («Моделист–конструктор», 1966-ից) ամսագրերը։
Հայաստանում ավիամոդելիզմն սկսել է զարգանալ 1923-ի ապրիլից, երբ կազմակերպվեց «Օդային նավատորմի բարեկամների» ընկերությունը (ղեկավար՝ Ռ. Ա. Բաբայան)։ Ավիամոդելիզմի խմբակի անդամներ Ռ. Բաբայանը, Հ. Գասպարյանը, Ա. Դավթյանը, Գ. Քանքանյանը, Մ. Սահակյանը 1925-ի համամիութենական հեռակա մրցումներում գրավել են առաջին տեղը և սահմանել համամիութենական 3 ռեկորդ։ Նույն թվի սեպտեմբերին ավիամոդելիստների համամիութենական եզրափակիչ մրցումներում Հայաստանի ավիամոդելիստներ Ռ. Բաբայանը, Ն. Զարգարյանը, Դ. Քանքանյանը, Ա. Փերիխանյանը և Ա. Դավթյանը սահմանել են համամիութենական 5 ռեկորդ, իսկ Ա. Դավթյանը՝ նաև համաշխարհային 2 ռեկորդ՝ թռիչքի հեռավորության (4000 մ) և տևողության (27 ր) ցուցանիշներով (մինչ այդ հեռավորության ռեկորդը պատկանում էր ամերիկացիներին՝ 2250 մ, տևողությանը՝ գերմանացիներին՝ 21 ր)։ 1930-ական թթ. Հայաստանի լավագույն ավիամոդելիստներից էին Սովետական Միությսւն կրկնակի հերոս Ն. Գ. Ստեփանյանը և Սովետական Միության հերոս Ս. Ա. Բուռնազյանը։ 1949-ին ստեղծվել են հանրապետական ԴՕՍԱԱՖ, 1952-ին՝ ավիատեխնիկայի ակումբ, որը 1956-ին վերանվանվել է ավիացիոն սպորտային ակումբ։ 1971-ից ակումբին կից գործում է պատանի տիեզերագնացների դպրոցը։ Ավիացիոն սպորտային ակումբում ընդգրկված են սպորտի 12 վարպետներ։ 1965-ին ավիամոդելային սպորտի ՍՍՀՄ առաջնության մրցումներում Է. Քարամյանը, իսկ 1966-ին ավիացիոն բուհերի համամիութենական առաջնության մրցումներում Ա. և Հ. Բարսեղյան եղբայրները գրավեցին առաջին տեղը։
