Jump to content

ՀՍՀ/ԱՎՈԳԱԴՐՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՎՈԳԱԴՐՈ (Avogadro) Ամեդեո(1776–1856), իտալացի ֆիզիկոս և քիմիկոս, մոլեկուլային տեսության հիմնադիրը։ Ծնվել է օգոստոսի 9-ին, Տուրինում։ Ստացել է իրավաբանական կրթություն, ինքնուրույն ուսումնասիրել մաթեմատիկա և ֆիզիկա, թողել պետական ծառայությունը և դասավանդել ֆիզիկա Տուրինի համալսարանում (1806–19)։ Նա Տուրինի գիտությունների ակադեմիայի օրդինար ակադեմիկոս էր (1819) և ֆիզիկամաթեմատիկական բաժանմունքի դիրեկտորը։ 1820–1822-ին և 1834–50-ին Տուրինի համալսարանում մաթեմատիկական ֆիզիկայի պրոֆեսոր էր։ Ա. զբաղվել է գիտության բազմազան հարցերով (էլեկտրականություն, էլեկտրաքիմիա, ջերմային հատկություններ, մազականություն, ատոմական ծավալներ, քիմիական միացությունների անվանակարգում և այլն)՝ մշտապես դրսևորելով սուր միտք և դիտողականություն։ 1811-ին Ա–ի արտահայտած մոլեկուլային հիպոթեզը հետագայում, շնորհիվ նրա հայրենակից Կանիցարոյի և ֆրանսիացի քիմիկոս Շ. Ֆ. Ժերարի աշխատանքների(1860), լայն ճանաչում գտավ որպես մոլեկուլային ֆիզիկայի և քիմիայի հիմնական օրենքներից մեկը (տես Ավոգադրոյի օրենք և Ավոգադրոյի թիվ)։ Իր հետազոտությունների արդյունքները 1837–41-ին Ա. հրատարակել է քառահատոր գրքում, որը մոլեկուլային ֆիզիկայի առաջին ձեռնարկն է։ Ա. մահացել է հուլիսի 9-ին, Տուրինում։