ՀՍՀ/ԱՎՍՏՐԱԼԻԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ
ԱՎՍՏՐԱԼԻԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, ավստրալիական բնիկների լեզուները։ Գիր չունեն և համարյա թե չեն ուսումնասիրված։ Հարուստ են թանձրացական և աղքատ՝ վերացական գաղափարներ արտահայտող բառերով։ Թույլ է խոսքի մասերի տարբերակումը, թվականների քանակը մեծ չէ (սովորաբար՝ մեկից հինգ, հազվադեպ՝ մի քանի տասնյակ)։ Ըստ հնչյունական և քերականական առանձնահատկությունների, բաժանվում են աշխարհագրական 5 խմբի՝ 1. Հյուսիսային Քիմբեռլիի, 2. Հարավ–արևելյան Ավստրալիայի, 3. Կենտրոնական Ավստրալիայի, 4. Հյուսիսային ու կենտրոնական Քվինսլենդի և 5. Նոր Հարավային Ուելսի։ Ամենից ավելի բարդ կառուցվածք ունեն Հյուսիսային Քիմբեռլիի լեզուները, որոնց բնորոշ են քերականական դասերը, չորս թիվը (եզակի, երկակի, եռակի, հոգնակի), բայի մեջ ենթակա ու խնդիր նշանակող դերանվանական մասնիկների ներմարմնավորումը։ Ա. լ–ին մասամբ հատուկ են էրգատիվ կառուցվածքը, օտարվող և չօտարվող պատկանելիության տարբերակումը, առաջին դեմքի ներառողական և բացառողական ձևերի առկայությունը («մենք քեզ հետ միասին», «մենք ձեզ հետ միասին» և «մենք առանց քեզ», «մենք առանց ձեզ»)։ Ա. լ–ից հայտնի են՝ արանտա, բուանդիկ, դիերի, լորիտյա, յունգար, վորորո, քուլին։
